Սերժ Սարգսյանը միշտ հարմար խաղային զինվորներ է ընտրում

Mar 15, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը միշտ հարմար խաղային զինվորներ է ընտրում

Սերժ Սարգսյանը քաղաքական սերնդափոխության հարցում հետաքրքրական մոտեցում է ցուցաբերում: Չնայած Հանրապետական կուսակցության բազմահազարանոց բազայի, նա առանցքային պաշտոնները վերջին տարիներին համալրում է դրսից հրավիրված գործիչների միջոցով: Նախ Մոսկվայից հրավիրեց Կարեն Կարապետյանին, ապա Լոնդոնից Արմեն Սարգսյանին , մարդկանց, որոնք առաջին հայացքից հանրության մոտ դրական տպավորություն են թողնում՝ տարբերվելով հայաստանյան չինովնիկների կարծրատիպերից: Կարեն Կարապետյանի նորաոճ և գեղեցիկ կոստյում-ժիլետները, գունագեղ փողկապները և դրանց համապատասխան կոշիկներն ու ժամացույցները, նրբաճաշակ, ազատ ու անկաշկանդ ժեստերի հետ միասին տպավորություն էին ստեղծում, թե գործ ունենք ոչ թե դասական իմաստով չինովնիկի, այլ արևմտյան արժեքներով աշխատող ռեֆորմատորի հետ:

Ցավոք, արտաքուստ տեսանելի դրայվը դեռեւս չի զգացվում կառավարման ոլորտում: Կասկածից վեր է, որ կիրթ եւ ինտելեկտտուալ մարդու տպավորություն թողած Արմեն Սարգսյանի դեպքում էլ օրինաչափությունը չի խախտվելու:

Լեզվաբան Նարինե Դիլբարյանը Սերժ Սարգսյանի՝ կադրային վերջին ընտրության նախասիրություններում նկատել է հետեւյալ օրինաչափությունը.<<Սերժ Սարգսյանը միշտ հարմար խաղային զինվորներ է ընտրում, այնպիսիններին, որոնք , երբ ավարտվում է հերթական խաղային պարտիան, կարող են հանգիստ հեռանալ, այսինքն փոխարինվել այլ զինվորներով>>: Գործող նախագահը ընտրում է այնպիսիններին, որոնք Դիլբարյանի խոսքով՝ այստեղ քաղաքական հենարան չունեն.<<Ամեն դեպքում երբեք կասկածներ չես կարող ունենալ, որ տվյալ պաշտոնյան ինչ որ պահի կարող է հեռանալ եւ ինքնուրույն խաղ ծավալել, որովհետեւ թիմի բացակայությունը բավականն խոցելի հարց է>>: Սրանց բացի դրսից եկած մարդիկ Հայաստանը չեն համարում մշտական կեցության վայր եւ ինքնին դառնում նախընտրելի կադրեր:

Այդուհանդերձ, Դիլբարյանի կարծիքով Արմեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը միմյանցից էականորեն տարբերվում են . <<Արմեն Սարգսյանն ընդհանուր հարաբերությունների հարուստ փորձ ունի եւ նրան դժվար է համարել մենեջեր, ինչպիսին է Կարեն Կարապետյանը իր ամբողջ աշխատանքում: Թիմի տեսանկյունից էլ տարբերությունները մեծ են, Կարապետյանը Հայաստանում զբաղեցնելով այլ պաշտոններ ձեւավորել է իր որոշակի թիմը, որոնց մի մասը խորհրդարան մտան>>, նշում է նա հավելելով՝ մինչդեռ ՀՀԿ-ն չի կարող դառնալ Սարգսյանի թիմը, որովհետեւ Սերժ Սարգսյանի թիմն է, իսկ նման տիպի անցումները խիստ անհավանական են: Դիլբարյանի կարծիքով Սերժ Սարգսյանը ըստ ամենայնի պատահական չի ընտրում դրսի կադրերին, որոնց պարագայում մշտապես լուծում չի ստանում սահմանադրականության հարցը.<<Այդպես էլ չփարատվեց այն խնդիրը, թե Արմեն Սարգսյանը միայն ՀՀ քաղաքացի է, թե ոչ, չբերեցին փաստաթղթեր, հիմնավորումներ, հնչեցին արտահայտություններ, բայց դրանք չհիմնավորվեցին>>: Նա նկատել է՝ Հանրայինի եթերով այժմ, երբ լուսաբանում են Արմեն Սարգսյանին, նրան ներկայացնում են իբրեւ ընտրված նախագահ.<<Իհարկե, դրա մեջ նենգություն կար, իսկ հետաքրքիր է ո՞վ է չընտրված նախագահը>>,- հռետորական հարց է հնչեցնում նա: Բայց մյուս կողմից թիմ չունեցող նախագահի վրա կարո՞ղ է հասարակությունը հույս դնել, նա կարող է սահմանադրության երաշխավոր հանդիսանալ, անաչառ գործել, հարցին Դիլբարյանը պատասխանեց.<<Ինքը չի կարող ազատ գործել, իսկ անաչառության մասին դժվարանում եմ ասել, քաղաքականությունը բացարձակ աչառ ոլորտ է : Առայժմ հայտնի չէ, թե Արմեն Սարգսյանն ինչ նպատակներ է հետապնդում : Առայժմ ինքը կրթամշակութային արժեքների մասին է խոսում, քան թե քաղաքական ծրագրերի, նպատակների: Առայժմ դրանք միայն բարի ցանկությունների մակարդակում են, ուստի դժվար է եզրակացություն կատարել: Նա փակ գործիչ է եւ գուցե նրա հաշվարկը հենց այդ ոլորտի հետ է կապված, երբ իր լիազորությունները կստանձնի, թերեւս պարզ կդառնա գործունեության վեկտորը>>:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: