Ողջույններ և բուռն ծափահարություններ

Mar 15, 2018 Comments Off on Ողջույններ և բուռն ծափահարություններ

Աշխարհը ողջունում է հյուսիսկորեական-ամերիկյան հանդիպման համաձայնությունը

Օրեր առաջ տեղի հայտնի դարձավ մի տեղեկություն, որը շատերի համար զարմանալի էր, եթե չասենք՝ անսպասելի և սենսացիոն:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունին և քննարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը, այս մասին հայտնեց Հարավային Կորեայի նախագահի խոսնակ Կիմ Յու Կյոմը․ – «Կիմ Չեն Ունի առաջարկն ընդունելու Դոնալդ Թրամփի որոշումն ամբողջ աշխարհի հավանությունն է ստանում, Հյուսիսային և Հարավային Կորեայի ժողովուրդը խաղաղության հույս ունի»,- ասել է նախագահ Մուն Ջե Իի խոսնակը:

«Մենք հավատում ենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեայի գագաթնաժողովից հետո նախատեսված հյուսիսկորեական-ամերիկյան հանդիպումը կնպաստի Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը, դա պատմական նշանակություն կունենա թերակղզում խաղաղություն հաստատելու համար»,- ասել է խոսնակը Կապույտ տանը (Հարավային Կորեայում նախագահի նստավայրն ավանդաբար անվանում են «Կապույտ տուն»):

Մինչդեռ օվկիանոսից այն կողմ՝ Սպիտակ տանը, Հարավային Կորեայի ազգային անվտանգության վարչության տնօրեն Չուն Յու Յոնգը, ով օրերս Փհենյանում հարցը քննարկել է Կիմ Չեն Ունի հետ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է քննարկումների արդյունքները, Հարավայի Կորեայի ղեկավարության տեսակետը և բանակցություններ սկսելու Հյուսիսային Կորեայի նախագահի առաջարկը:

Նրա փոխանցմամբ, Կիմ Չեն Ունը հավաստիացրել է, որ Հյուսիսը հրթիռային և միջուկային նոր փորձարկումներ չի իրականացնի:

Հարավային Կորեայի անվտանգության վարչության ղեկավարի փոխանցմամբ, Կիմ Չեն Ունը Թրամփի հետ հնարավորինս արագ հանդիպելու ցանկություն է հայտնել․ – «Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնել այդ զեկույցի համար և ասել է, որ պատրաստ է մինչև մայիս հանդիպել Կիմ Չեն Ունին՝ թերակղզում մշտական ապամիջուկայնացման համաձայնություն ձեռք բերելու համար»: Չուն Յու Յոնգի փոխանցմամբ, Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները լավատեսորեն են տրամադրված և հավատում են, որ դիվանագիտական գործընթացը խաղաղ կարգավորում կապահովի:

Գերտերություններ Ռուսաստանը և Չինաստանը ողջունել են հյուսիսկորեական-ամերիկյան հանդիպման հնարավորությունը: «Մենք դա համարում ենք կարևոր քայլ ճիշտ ուղղությամբ: Այսօր ենք տեղեկացել համաձայնության մասին: Դա անհրաժեշտ է իրավիճակը Կորեական թերակղզու շուրջ կարգավորելու համար», – ասել է Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը:

Դրական արձագանք է հնչեցրել նաև Պեկինը: «Չինաստանն ամբողջությամբ աջակցում է Հյուսիսային և Հարավային Կորեայի նախաձեռնությանը, հաջորդ կարևոր քայլը կլինի համատեղ ջանքերով վերադառնալ բանակցություններին և լուծել Կորեական թերակղզու միջուկային խնդիրը», – ասել է Չինաստանի արտգործնախարար Վանգ Յին:

Զգուշավոր լավատեսություն են դրսևորել նաև Տոկիոյում: «Ողջունում եմ Հյուսիսային Կորեայի դիրքորոշման փոփոխությունը: Այն հնարավոր է դարձել Հարավային Կորեայի և միջազգային համայնքի հետ Ճապոնիայի և Միացյալ Նահանգների համագործակցության, Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող հետևողական ճնշման շնորհիվ»,- ասել է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն:

 «Մեծագույն հաջողություն»՝ Կորեայի հարցում

Այսպես, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ առաջիկայում կայանալիք հանդիպումից «մեծագույն հաջողություն» է ակնկալում: Ստացվում է, Հյուսիսային Կորեայի ղեկավարը խոստացել է մինչև հանդիպումը հրթիռային փորձարկումներ չանցկացնել:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների անդրանիկ և, անկասկած, պատմական հանդիպումը, ենթադրաբար, տեղի կունենա առաջիկա վեց-ութ շաբաթների ընթացքում:

Կոնկրետ ժամկետն ու վայրը դեռ հայտնի չեն և այժմ համաձայնեցվում են երկու երկրների և միջնորդի դերում հանդես եկող Հարավային Կորեայի պատկան ծառայությունների կողմից: Համենայն դեպս, Փհենյանում և Վաշինգտոնում ասել են, որ բանակցությունները տեղի կունենան մինչև մայիս:

Թրամփն անցած շաբաթ օրը Փենսիլվանիայում իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում մեծ ոգևորությամբ է խոսել հնարավոր հանդիպման մասին: «Շատ մարդիկ մտածում էին, որ պատերազմ կլինի, մեկ էլ հանկարծ հյուսիսկորեացիներն առաջարկում են բանակցել, խոստանում են նոր հրթիռներ չարձակել և ասում, թե պատրաստ են ապամիջուկայնացման: Նման բան ոչ ոք չէր մտածել, չէր սպասում: Ո՞վ գիտի, թե ինչ կլինի: Գուցե ես արագ կավարտեմ հանդիպումը, գուցե երկար կնստեմ և կապահովեմ աշխարհի համար, բոլոր երկրների, այդ թվում Հյուսիսային Կորեայի համար մեծագույն գործարք, հույսս այն է, որ հենց դա տեղի կունենա»,- ասել է Թրամփը:

Հարավային Կորեայի ազգային անվտանգության վարչության ղեկավար Չուն Յու Յոնգը՝ Թրամփի հետ Վաշինգթոնում հանդիպելուց հետո, վերադարձել է հայրենիք, որտեղ ասել է, որ Սեուլում հույսեր են կապում Հյուսիսային Կորեայի և Ամերիկայի նախագահների հնարավոր բանակցությունների հետ: «Մենք բարձր ենք գնահատում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման նպատակն իրականացնելու հարցում Հարավային Կորեայի նախագահ Մունի Ջե Իի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դրսևորած վճռականությունը և ողջունում ենք բանակցություններ սկսելու՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունի խիզախ որոշումը»,- ասել է Չուն Յու Յոնգը: Նրա փոխանցմամբ, Փհենյանը և Սեուլը հիմա աշխատում են նախ ապրիլին ներկորեական, ապա հյուսիսկորեական-ամերիկյան հանդիպումներ կազմակերպելու վրա:

Մարտի 10-ին Թրամփը Թվիթերում գրել է, որ Չինաստանը ողջունում է Փհենյանի և Վաշինգթոնի հարաբերությունները բարելավելու մտադրությունը: Թրամփն ասել է, որ Ճապոնիայում էլ խանդավառվել են հնարավոր հանդիպման մասին լուրից: «Նրանք (ճապոնացիները) շատ գոհ են իմ ծրագրից: Դե, անկեղծ ասենք, ինձնից բացի էլ ո՞վ դա կարող էր անել, ինքներդ մտածեք՝ հյուսիսկորեացիներն այլևս հրթիռներ չեն արձակի, ես հավատում եմ դրան, ես կարծում եմ, որ նրանք իսկապես ուզում են մի բան անել, խաղաղություն կնքել, դրա ժամանակն է, ես կարծում եմ, մենք իսկապես մեր հզորությունը ցուցաբերեցինք, և դա կարևոր էր, չէ՞», – դիմելով աջակիցներին, ասել ԱՄՆ-ի ղեկավարը:

Հարավկորեական բարձրաստիճան անանուն դիվանագետն ասել է, որ Փհենյանը ցանկանում է ոչ միայն խաղաղություն ապահովել, այլև դիվանագիտական կապեր հաստատել Միացյալ Նահանգների հետ: Ավելին, Կիմ Չեն Ունը հարավկորեացիների միջոցով Թրամփին փոխանցել է, որ պատրաստ է Փհենյանում տեղ տրամադրել ամերիկյան դեսպանատան համար: Այդ տվյալները հաստատել է նաև Հարավային Կորեայում լույս տեսնող Donga Ilbo պարբերականը:

Ո՞րտեղ կարող են հանդիպել Կիմ Չեն Ունը և Դոնալդ Թրամփը: ԱՄՆ-ի նախագահի մամլո քարտուղարի տեղակալ Ռաջ Շահի փոխանցմամբ, Սպիտակ տունը պատրաստ է քննարկել բոլոր տարբերակները, չբացառելով նույնիսկ Թրամփի՝ Փհենյան մեկնելու հնարավորությունը: – «Չեմ կարծում, որ դա շատ հավանական է, բայց չեմ էլ բացառում», – ասել է Շահը:

Եվ, այնուամենայնիվ, Սպիտակ տունը հայտնում է, որ ողջունելով իրավիճակը բարելավելու Կիմ Չեն Ոնի մտադրությունը՝ ԱՄՆ-ը ղեկավարը Փհենյանից ակնկալում է գործնական քայլեր, որոնց բացակայության դեպքում առավելագույն ճնշում բանեցնելու և պատժամիջոցները շարունակելու քաղաքականությունը չի ընդհատվի:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: