Ինչպիսի տներ, տրանսպորտ և թոշակ է նախատեսված նախագահի, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար

Mar 18, 2018 Comments Off on Ինչպիսի տներ, տրանսպորտ և թոշակ է նախատեսված նախագահի, վարչապետի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների համար

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել, որի համաձայն 2018 թվականի ապրիլի 9-ից նախագահի աշխատակազմը չի կարող ունենալ 155-ից ավելի աշխատակից: Նախագահի աշխատակազմը կարող է տարեկան ունենալ մինչեւ 75 մլն դրամի չափով պահուստային ֆոնդ, որի տնօրինողը նախագահն է:

Միաժամանակ նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`  նստավայր Երեւանում (հասցեն՝ Մաշտոցի 47),  ծառայողական առանձնատուն Երեւանում՝ համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք),  պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք), ինչպես նաև  հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: Պաշտոնաթողությունից հետո նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ  և կահավորված գրասենյակ` երեք հաստիքային աշխատողներով:Գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է կառավարության կողմից::

Պաշտոնաթող նախագահի  մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տաս օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Նրա համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ՝ Հանրապետության նախագահի օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: Հանրապետության նախագահի պաշտոնային դրույքաչափը բարձրանալու դեպքում պաշտոնաթող նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:

Նա կենսաթոշակ ստանալու իրավունքից չի օգտվում այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում է որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն եւ ստանում է Հանրապետության նախագահի՝ օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր վարձատրություն ստանալու դեպքում ստանում է հատուկ կենսաթոշակի եւ աշխատավարձի տարբերությունը:

Ինչ վերաբերում է վարչապետին` ապրիլից հետո նա իրավասու է սահմանել աշխատակազմի թվաքանակը, որը չի կարող գերազանցել 600-ը: Վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով, որը տնօրինելու է վարչապետը: Ազգային ժողովի նախագահը ևս կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավել, քան տարեկան 50 միլիոն դրամի չափով: Այդ ֆոնդի միջոցները տնօրինում է Ազգային ժողովի նախագահը:

Սպասարկման նպատակով վարչապետին տրամադրվում են՝  նստավայր Երեւանում (հասցեն՝ Բաղրամյան 26), 2) ծառայողական առանձնատուն Երեւանում՝ համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք),  պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք), 4 հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, ինչպես նաև  հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Նկատենք, որ հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ նախագահը  կամ որևէ այլ պաշտոնյա չի ունենալու: Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք վարչապետի որոշմամբ սահմանված կարգով կարող են օգտվել հատուկ ինքնաթիռից եւ ուղղաթիռից:

Ազգային ժողովի նախագահին եւ Սահմանադրական դատարանի նախագահին ևս տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երեւանում՝ համապատասխան սպասարկմամբ:
Այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ևս կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երեւանում, եթե նման որոշում կայացնի վարչապետը:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: