ՀՅԴ-ի մարտահրավերը Կարեն Կարապետյանին

Mar 15, 2018 Comments Off on ՀՅԴ-ի մարտահրավերը Կարեն Կարապետյանին

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունների շարքի երրորդը՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները»։Վերլուծությունն առաջին անգամ հանրության ուշադրությանը հանձնվեց 2017թ. հոկտեմբերին։ Նոր վերլուծության մեջ մասնավորապես նշվում է. «Վերջին ամիսների ընթացքում քաղաքական, մասնագիտական և մամուլի շրջանակներում մեծ հետաքրքրություն կա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման նկատմամբ, ինչը, անշուշտ, պայմանավորված է մեծ ակնկալիքներով և այս ծրագրի իրականցման համար վերցված վարկերի նպատակային օգտագործման հրամայականով: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունը ապահովելու համար ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել է փաստաթղթային ուսումնասիրություն (շուրջ 4000 էջ), որի արդյունքում արձանագրվել են մի շարք մտահոգություններ։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի վերլուծությունն եզրակացնում է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը մեր տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունի, և այն պետք է ավարտին հասցնել՝ հաշվի առնելով արձանագրված խնդիրները: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում՝
«• քննարկել այս ծրագրի ներդրումային արդյունավետությունը, «• վերանայել իրենց գործում թերացած ընկերությունների շինարարական պայմանագրերը (այդ թվում՝ ենթակապալառուների և մատակարարների) և/կամ ամբողջովին նոր միջազգային տենդերներ հայտարարել, «• ներդնել շինարարական ընթացիկ աշխատանքների հասարակական և խորհրդարանական վերահսկողության, հաշվետվողականության, վնասի գնահատման և վերականգման առավել արդյունավետ և թափանցիկ մեխանիզմներ:
«Նկատի ունենալով ՀՀ պետական պարտք և ՀՆԱ հարաբերակցության ներկա մակարդակը (շուրջ 59 տոկոս է)՝ Տրանշ 4.-ն և/կամ Տրանշ 5.-ը ավարտին հասցնելու համար նպատակահարմար է ընտրել ներդրող-շինարարական կազմակերություն (կազմակերպություններ), որը ոչ միայն բարձր որակով կիրականացնի շինարարական աշխատանքները, այլև իր սեփական միջոցները կներգրավի»:
ՀՅԴ-ի կատարած վերլուծությունը, որն անշուշտ ունի օբկյեկտիվ հիմքեր, պետք է դիտարկել 2 ասպեկտով` տնտեսական և քաղաքական:
Տնտեսական տեսանկյունից`«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» անկախության շրջանում Հայաստանի խոշորագույն ենթակառուցվածքային ծրագիրն է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն` «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածը այս ծրագրի համար ծախսվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո գումար: Նախատեսված 556 կմ ճանապարհից կառուցապատվել է ընդամնեը Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածները, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 31 կմ: Թե երբ է ավարտվելու «Հյուսիս-հարավ» ծրագիրը, դեռ պարզ չէ: Աշխատանքներն ավարտելու համար պահանջվող գումարի չափի մասին ևս հստակություն չկա: «Հյուսիս-հարավ» 556 կմ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը նախապես գնահատվել էր 962 մլն. ԱՄՆ դոլար: Սակայն ամիսներ առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեց, որ վերջին հաշվարկների համաձայն՝ ներդրումային ծրագիրը կարժենա մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և պետք է ավարտել 2017 թ. դեկտեմբերի 31-ին: Ավելի քան 10 տարվա ընթացքում չի կատարվել նախատեսված աշխատանքների անգամ 10 տոկոսը: Պատճառների մեղավորների մասին հստակ տվյալներ չկան, սակայն փաստն այն է, որ այս ծրագրի արժեքը ավելի քան կրկնակի թանկ է նստում նախնական հաշվարկից և, ամենակարևորը, ներկայացված փաստական տեղեկատվությունը շատ պարզ ցույց է տալիս, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» տապալվել է: Սա փաստ է:
Բայց ինչու է իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն այս մասին բարձրաձայնում ապրիլյան իրադարձություններից առաջ. ինչ ակնկալիք ունեն ՀՅԴ-ականները կոմպրոմատային այս փաթեթի մասին բարձրաձայնելով: Հատկանշական է հատկապես հին ընկերների վերլուծության եզրափակիչ մասը` չներգրավել նոր վարկեր և չավելացնել արտաքին պարտքը, այլ ծրագիրն ավարտին հասցնելու համար գտնել շինարարական ընկերություններ, ովքեր սեփական միջոցներով ներդրումներ կկատարեն: Սա թերևս ուղիղ մարտահրավեր է օտարերկրյա ներդրումներ խոստացած դեռևս գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: ՀՅԴ վերլուծությունը շատ նուրբ ակնարկ է, որ եթե Կարեն Կարապետյանը չի կարողանում ապահովել այս կարևոր ռազմավարական ծրագրի իրագործման ներդրումները, ուրեմն նրա աշխատանքը չի կարող արդյունավետ գնահատվել:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: