Հայ հանդիսատեսը սպասում է Վարդան Պետրոսյանի վերադարձին. ՀԺ

Mar 13, 2018 Comments Off on Հայ հանդիսատեսը սպասում է Վարդան Պետրոսյանի վերադարձին. ՀԺ

«ՀԺ»-ն հարցում է անցկացրել Երևան քաղաքի բնակիչների շրջանում՝ պարզելու համար, թե որքան հաճախ են թատրոն այցելում, քաղաքի որ թատրոններն են նախընտրում եւ առավելագույնը ինչքան գումար են պատրաստ վճարել մեկ ներկայացման համար: Հարցվածների մեծ մասն ասացին, որ ներկայացումների գնում են, երբ հրավիրատոմս են տրամադրում վերջիններիս ծանոթները, կամ աշխատավայրը:

Իսկ նրանք, ովքեր տարվա մեջ մի քանի անգամ գնում են ներկայացում նայելու՝ մեծ մասը պատրաստ չեն մեկ տոմսի համար 3 հազար դրամից ավելի վճարել: Միջինից բարձր կանանց մեծամասնությունն ասացին, որ պատրաստ չեն անգամ հազար դրամ հատկացնել թատրոնին, քանի որ ֆինանսական միջոցները չեն ներում, իսկ տոմսերի գները իրենց համար չափազանց բարձր են:

Պարզվում է՝ միջինից բարձր տարիքի տղամարդիկ վերջին անգամ թատրոն հաճախել են «կոմունիստների վախտով», կամ «հազար տարի առաջ»: Նրանց մի մասն ասացին, որ սիրում են ներկայացումներ նայել, պարզապես ժամանակ չեն գտնում, քանի որ ընտանիք պահելու համար օրնիբուն լարված աշխատում են:

Ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց դեպքում պատկերն այստեղ մի փոքր այլ է, նրանց բախտը բերել է, քանի որ երեխաներին տանում են ներկայացումներ նայելու եւ իրենք էլ են նայում, բայց այս դեպքում էլ հայ մայրերը նախապատվությունը հիմնականում տալիս են մանկական ներկայացումներին: Այսինքն, կարելի է ասել, որ շատ դեպքերում այլընտրանք չունեն:

Երիտասարդության վիճակն անհամեմատ ավելի տխուր էր, քանի որ հարցվածներից շատերն անգամ մոռացել էին թատրոնի մասին, մեծ մասը նշեց, որ զբաղվածության պատճառով չեն գնում ներկայացումներ նայելու, եւ՛ աշխատում են, եւ՛ սովորում:

Երիտասարդ աղջիկներից մեկը պարզաբանեց, որ չի սիրում թատրոն գնալ, քանի որ թատրոնի ներկայացումները գերէմոցիոնալ ու արհեստական է համարում եւ որ վերջին անգամ դպրոցական տարիքում է գնացել թատրոն՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ» ներկայացումն է նայել. «Ամենավերջին տեղն եմ հատկացնում թատրոնին»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: