Իրանապակիստանյան սահմանին ԻՀՊԿ-ն մահապարտ ահաբեկիչների է վնասազերծել

Mar 13, 2018 Comments Off on Իրանապակիստանյան սահմանին ԻՀՊԿ-ն մահապարտ ահաբեկիչների է վնասազերծել

Մարտի 11-ին Իրանի՝ Պակիստանին սահմանակից Սիսթան և Բելուջիստաննահանգի Սարավան շրջանում մահապարտ ահաբեկիչները փորձել են մեքենա պայթեցնել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սահմանային պահակակետերից մեկի մոտ։ ԻՀՊԿ զինծառայողները կանխել են գործողությունը. մեկ ահաբեկիչ սպանվել է, ևս մեկը պայթեցրել է իրեն։ Այս մասին տեղեկացնում է ԻՀՊԿ «Սեփահնյուզ» լրատվակայքը։

Հակաահաբեկչական գործողության հետևանքով վիրավորվել է նաև ԻՀՊԿ 2 զինծառայող։Միջադեպի մասին ԻՀՊԿ-ն այլ մանրամասներ չի հաղորդել։

Հիշեցնենք, որ 2017թ. հուլիսի 15-ին փոխհրաձգություն էր եղել իրանապակիստանյան սահմանին։ Պակիստանից գործող ահաբեկչական խումբը կրակ էր բացել Սարավան շրջանի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 իրանցի զոհվել էր։

ԻՀՊԿ պատասխան կրակի արդյունքում սպանվել էր մեկ ահաբեկիչ, ևս 2-ը վիրավորվել էին։

Ավելի վաղ՝ 2017թ. ապրիլին, իրանապակիստանյան սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով սպանվել էր Իրանի սահմանապահ ծառայության 10 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել էին։

Հանցագործության պատասխանատվությունը ստանձնել էր «Ջեյշ ալ զոլմ» ահաբեկչական խմբավորումը։

Պակիստանի և Իրանի միջև սահմանը 900 կմ է։ Այստեղ Իրանը ակտիվ պայքար է մղում Պակիստանից ներթափանցող ահաբեկչական խմբավորումների, մաքսանենգների դեմ։

Իրանի Սիսթան և Բելուջիստան ու Պակիստանի համանուն՝ Բելուջիստան սահմանակից նահանգներում գործում են հիմնականում սուննի բելուջներից կազմված զինված անջատողական խմբավորումներ, որոնք հաճախ են բախումների մեջ մտնում Իրանի ուժային կառույցների հետ։ Հատկապես ակտիվ են գործում «Ջեյշ ալ Ադլ» («Ջեյշ ալ Զոլմ») և «Ջունդոլլահ» խմբավորումները։

Աղբյուրը՝ razm.info

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: