Սերժ Սարգսյանի վարչապետացումը թանկ է նստելու հարկատուների վրա

Mar 13, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի վարչապետացումը թանկ է նստելու հարկատուների վրա

Հայկական ժամանակը իր խմբագրականում գրում է.

Մինչեւ վերջերս հասարակության մի մեծ հատված համոզված էր, որ կառավարման նախագահական մոդելից խորհրդարանականին անցումը ժամանակի ընթացքում կբերի Հայաստանի ժողովրդավարացմանը: Այն պահից, երբ պարզ դարձավ, որ ի հեճուկս իր՝ տարընթերցումների տեղ չթողնող խոստմանը, վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը, ամեն ինչ փոխվեց 180 աստիճանով: Ապագա վարչապետի լիազորությունների մեծացումը դարձավ օրենսդիր եւ գործադիր մարմինների միակ զբաղմունքը: Կառավարությունը արդեն չի հասցնում մշակել օրենքների նախագծեր, որոնց արդյունքում ապագա վարչապետի լիազորությունները ավելի ու ավելի են մեծացվում ու արդեն հասել են անպարկեշտության աստիճանի: ԱԺ-ն իր կոճակ սեղմող մեծամասնությամբ չի հասցնում այդ օրինագծերը դակել: Առաջիկայում էլ այդ գործընթացը դեռ շարունակվելու է: Բայց հարցը հանրության շրջանում քննարկվում է հիմնականում դրա քաղաքական տեսանկյունից, ինչը բնական է:

Բայց Սերժ Սարգսյանի վարչապետացման հարցը ունի մեկ այլ՝ տնտեսական, կամ ավելի ճիշտ՝ բյուջետային կողմ: Ցավով պետք է արձանագրենք, որ այստեղ եւս իրավիճակը կհասնի անպարկեշտության:

Ո՞րն է խնդիրը: Ներկայումս ՀՀ նախագահի աշխատակազմը բաղկացած է մոտ 380 մարդուց: Այդ մասին մի քանի ամիս առաջ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: ՀՀ կառավարության աշխատակազմը բաղկացած է 300 հոգուց: Այսինքն այս երկու գերատեսչություններում աշխատում է մոտ 680 մարդ:

Այս պահին ԱԺ-ում գտնվող «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեության ապահովումը, սպասարկումը եւ սոցիալական երաշխիքները» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի համաձայն՝ ապագա նախագահի աշխատակազմի առավելագույն թվաքանակը պետք է կազմի 150 մարդ: Նույն փոփոխությամբ սահմանվել է չինովնիկների մի նոր «բանակ»: Ներմուծվելու է նոր ստորաբաժանում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, որը մինչ օրս դեռ չի եղել: Ապագա վարչապետի աշխատակազմը բաղկացած կլինի առավելագույնը 600 հոգուց: Լավագույն դեպքում վարչապետի աշխատակազմը կարող է իր մեջ «կլանել» կառավարության աշխատակազմին, եւ այդ դեպքում ՀՀ նախագահի եւ  ՀՀ վարչապետի աշխատակազմերի ընդհանուր թվաքանակը կկազմի 750 մարդ: Բայց դա լավագույն սցենարն է՝ ավելի շուտ դա խիստ տեսական է: Խնդիրն այն է, որ վարչապետի աշխատակազմ սահմանող օրինագծին զուգահեռ գոնե առայժմ չի մշակվել ու չի ներկայացվել որեւէ օրինագիծ, որի համաձայն՝ կառավարության աշխատակազմը պետք է լուծարվի: Այլ կեպ ասած, շատ ավելի հավանական է, որ ապագա վարչապետը կունենա 600 հոգուց բաղկացած առանձին աշխատակազմ, կառավարության այսօրվա աշխատակազմն էլ իր ողջ կազմով կմնա: Այդ դեպքում ՀՀ նախագահի, վարչապետի եւ  կառավարության աշխատակազմերի թվաքանակը միասին կկազմի  1000 մարդ, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ:

Թե ինչ լրացուցիչ ծախս է դա դառնալու հարկատուների համար,  դեռ հայտնի չէ: 2018 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմի եւ ՀՀ կառավարության պահպանման ծախսերը միասին կազմում են 6 միլիարդ 127 միլիոն դրամ: 2017-ի համար 5 միլիարդ 566 միլիոն էր: Այսինքն, այստեղ արդեն իսկ ունենք 561 միլիոն դրամի լրացուցիչ ծախս, որը մենք՝ հարկատուներս, պետք է վճարենք խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու համար: Բայց սա՝ միայն պետական բյուջեով: Այդ թվերը բոլորովին չեն արտացոլում նախատեսված ծախսերը: Խնդիրն այն է, որ երբ ընդունվում էր  2018 թ. պետական բյուջեն, «վարչապետի աշխատակազմ» ասված հասկացողությունը՝ իր 600 աշխատողներով, չկար: Իսկ 600 աշխատող՝ նշանակում է աշխատավարձ, սպասարկում, սոցիալական երաշխիքներ եւ այլն, եւ այսպես շարունակ: Իսկ ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ բան մի ինչ-որ պահից կտրուկ փոխվել է, եւ անսպասելի հանգամանքներ են առաջ եկել: Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունները կատարվել են դեռ 2015 թվականին: Բայց 2018 թվականի պետական բյուջեում վարչապետի աշխատակազմ հասկացողությունը չի եղել, ինչը նշանակում է, որ դրա ֆինանսավորման խնդիր նույնպես չպետք է լիներ 2018 թվականին: Այսինքն, մինչեւ մի ինչ-որ X պահի նախատեսված է եղել, որ ապագա վարչապետին կսպասարկի կառավարության աշխատակազմը մի քիչ ավելի լայն կազմով, եւ 2018 թ. բյուջեով կառավարության աշխատակազմի մի փոքր ընդլայնում արդեն նախատեսված է եղել: Կարելի է ենթադրել, որ մինչ այդ պահը Սերժ Սարգսյանը դեռ որոշած չի եղել վարչապետ դառնալ: Իսկ հենց  որոշել է, սկսել են նրա վրայով նոր՝ բյուջեով չսահմանված ծախսեր նախատեսել:

Առավել մանրամասն՝Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: