Նախապատերազմական «մեսիջ» Սերժ Սարգսյանին ու միջնորդներին

Mar 15, 2018 Comments Off on Նախապատերազմական «մեսիջ» Սերժ Սարգսյանին ու միջնորդներին

Ադրբեջանում երեկվանից մեկնարկել են հնգօրյա լայնածավալ զորավարժություններ, որոնց շուրջ 25 հազար զինծառայող է մասնակցում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժություններին ներգրավված է նաև 250 միավոր զրահատեխնիկա, մինչև 1000 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, ինչպես նաև հինգ տասնյակ 50 միավոր տարբեր նշանակության ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ զորավարժությունների ընթացքում «բանակային ստորաբաժանումները հետ են մղելու պայմանական հակառակորդի հարձակումը և անցնելու են հակահարձակման»: «Զորավարժությունների ընթացքում զորքերը պետք է կասեցնեն հակառակորդի հարձակումը, ինչպես նաև հակահարվածների միջոցով վերականգնեն պաշտպանության գիծն՝ ավելի ձեռնտու դիրքերի ներառմամբ՝ հետագայում անցնելով լայնամասշտաբ հակահարձակողական գործողության», – ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Այս վարժանքների անցկացման վայրն ադրբեջանական իշխանությունները չեն հստակեցնում, նշելով միայն, որ դրանք ծավալվելու են «լեռնային ռելիեֆի բարդ պայմաններում»: Հնգօրյա զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զինուժը, ինչպես հաղորդվում է, կիրառելու է նաև վերջերս Ռուսաստանից, Իսրայելից և Չեխիայից ձեռք բերած մի շարք նոր զինատեսակներ:

Պաշտոնական Երևանը, արձագանքելով Ադրբեջանում այս տարվա առաջին զորավարժությանը, նշում է, որ դրանք անցկացվում են խախտումներով՝ առանց նախօրոք զգուշացնելու ԵԱՀԿ անդամ երկրներին:

«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ( նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը)՝ առանց այդ մասին ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները», – թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Պաշտոնական Բաքուն հակադարձում է՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անցկացվող վարժանքները համապատասխանում են 2011թ. ԵԱՀԿ-ի Վիեննայի փաստաթղթին, այսօր ի պատասխան հայաստանցի պաշտոնակցին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը անցյալ տարի մի քանի զորավարժություններ էր անցկացրել՝ հարուցելով հայկական կողմի զայրույթը: Անցյալ տարվա թերևս ամենախոշոր վարժանքները ապրիլին էին՝ քառօրյա պատերազմից մեկ տարի անց, շուրջ 30 հազար զինվորականների մասնակցությամբ, որի նպատակն էր ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը, կազմակերպել զինված ուժերի կառավարումն ու փոխգործակցությունը՝ գործողությունները մոտեցնելով մարտական իրավիճակի պայմաններին:

Ու դարձյալ նախընտրական քարոզարշավում թոհուբոհի մեջ՝ Ալիևը «մկաններն» է ցույց տալիս: Դա, թերևս, միակ բանն է, որը նա կարող է անել. «հզոր բանակ», «ռազմական հզորություն» ցուցադրել իր երկրի բնակչությանը:

Բայց, բացի  հասարակական տրամադրություններ արթնացնելը, նա հստակ այլ «մեսիջներ» հղելու «կարիք» ունի միջազգային հանրությանն ու, նախևառաջ միջնորդ պետություններին:

Ալիևը ոչ մի կերպ չի ցանկանում ցույց տալ, որ հաշտվել է բանակցությունների շարունակման փուլի հետ: Ինչու՞… Այս հարցի պատասխանն է բացատրում Ալիևի պահվածքն առհասարակ:

Նրա ամեն մի ռազմատենչ քայլ` բողոք է ԵԱՀԿ Մինսկի խմբին ու միջազգային հանրությանը, պահանջով՝ «Վերադարձրեք մեր հողերն ու Ղարաբաղը»:

Լայնածավալ այս զորավարժությունները նախապատերազմական «մեսիջ» են՝ հիշեցնելու հայկական կողմին ու միջնորդներին 2016-ի անսպասելի պատերազմը:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: