Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ռեալ հնարավորություն ունի

Mar 15, 2018 Comments Off on Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու ռեալ հնարավորություն ունի

Ապրիլյան զարգացումներին ընդառաջ ՝իրադարձությունները հետաքրքիր զարգացում են ստանում: Մի քանի շաբաթ է ՝իշխանությունն ու ընդդիմությունը մարտյան իրադարձությունների վերաբերյալ փոխադարձ քննադատությունների առանցքում պահում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Գրոհը երկրորդ նախագահի ուղղությամբ նոր թափ վերցրեց։Մարտի 1-ի գործով խորհրդարանական լսումների ընթացքում ոչ միայն հիշատակում էին Քոչարյանի անունը, այլ ուղղակի մեղադրանքներ հնչեցնում:  Մասնավորապես, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ Քոչարյանին առ այսօր հարցաքննության չեն կանչել, և դա անթույլատրելի վրիպում է: Այս լսումներից անմիջապես հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Այս աժիոտաժից տպավորություն ստեղծվեց, որ իշխող ուժի անհանգստությունը նախեւառաջ Քոչարյանն է, հետո ընդդիմությունը, որը հայտարարել է եւ մեկնարկել Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացը կասեցնելու իր պայքարը:

Նախկին նախագահին սպասարկող  2rd.am կայքն այսօր հարցազրույց էր տպագրել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ: Մարտի 1-ի վերաբերյալ հարցադրմանը Սողոմոնյանը պատասխանել էր. «Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանին. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:

Քոչարյանի միջնորդավորված ակտիվությունը արդեն տարատեսակ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում: Տեսակետներ են հնչում, որ այսպիսով Քոչարյանը հայտարարում է, որ ընդունում է իշխող ՀՀԿ-ի մարտահրավերը եւ պատրաստ է ոչ միայն Փաշինյանին, այլ նրանց եւս ծաղրելու այս թեմայով՝ հասկացնելով, որ որքան ինքն է մեղավոր, այնքան էլ Փաշինյանը՝այդ ամենի սադրիչն ու կազմակերպիչը: Որոշ քաղաքագետներ էլ, ավելի հեռուն գնալով, կանխատեսումներ արեցին Քոչարյանի ակտիվության եւ վերադարձի առիթով: Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ Քոչարյանը իր նախագահությունից հետո պարբերապար հայտնվում է նման հարցազրույցներով ու նորից տեւական ժամանակ անհետանում: Քանի որ Շիրինյանի խոսքով՝ Քոչարյանն անձամբ քաղաքականություն վերադարձի ցանկություն չունի, պարզապես նրա շրջապատում ինչ-որ մարդիկ են դա ցանկանում, այդ պատճառով էլ ակտիվությունը հարցազրույցների մակարդակից ավելին չի բարձրանում.<<Ակնհյատ է, որ կան ինչ-որ ուժեր, որոնք նրան դրդում են դեպի քաղաքականություն, սակայն երեւում է նաեւ, որ նա նման ցանկություն չունի: Ինքը պարզապես անտարբեր չէ քաղաքական գործընթացներին եւ ժամանակ առ ժամանակ իր կարծիքն է բարձրաձայնում: Ի վերջո, չէ՞ որ նա միլիարդատեր է, ոնց կարող է այս ամենին անտարբեր լինել>>: Շիրինյանը չի կարող ասել, թե այդ պարագայում ՀՀԿ-ի անհանգստությունը երկրորդ նախագահի նկատմամբ ինչով է պայմանավորված, եւ առհասարակ կա՞ անհանգստություն , թե ոչ.<<Իրենց պիտի հարցնել, ես չեմ կարող ասել>>, – ասաց նա ՝ փաստելով սակայն, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ ունեցել է քաղաքականություն վերադառնալու ռեալ հնարավորություն եւ այդ հնարավորոթյունն ունի նաեւ այսօր.<<Քոչարյանն ունի ինչպես ընդգծված հակառակորդներ, այնպես էլ ընդգծված համակիրներ, բայց նորից պիտի կրկնեմ, որ ինքը վերադառնալու ցանկություն չունի, ես նման տպավորություն ունեմ, որ ինքը հեռացել է քաղաքականությունից եւ որոշել այլեւս բիզնեսով զբաղվել>>: Հարցին, թե ապագայում հնարավոր է ՝ինչ-ինչ գործընթացներով պայմանավորված Քոչարյանի վերադարձի հրամայական առաջ գա, Շիրինյանը բացասական պատասխան տվեց.<<Ոչ, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ վերադարձավ, շահեցի՞նք:Ես կողմ եմ չորրորդ հանրապետության հիմնադրմանը, որը  «նախկիններից» բեռնաթափված կլինի: Մի հատ էլ մնում է Դեմիրճյանին բերենք, կամ Ծառուկյանի հետեւից գնանք>>,-հեգնեց նա: Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն էլ ուրեմն չպետք է հավակնի վարչապետի պաշտոնին, քաղաքագետը արձագանքեց.<<Դու իրենից հարցրու, Սերժ Սարգսյանը արդեն վարչապետ է, եթե ֆորս –մաժոր չլինի>>:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: