Քոչարյանը վերցնում է նետված ձեռնոցը, որն է լինելու հաջորդ քայլը

Mar 15, 2018 Comments Off on Քոչարյանը վերցնում է նետված ձեռնոցը, որն է լինելու հաջորդ քայլը

Ներքաղաքական առանցքային գործընթացների փուլում, երբ իշխանության վախի սլաքները ուղղվում են ամենուր, եւ հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմը ու այդ վախը փաթեթավորվում է Մարտի 1-ի թեմայի տեսքով, որը վերջին շրջանում արծարծում են ինչպես ընդդիմադիրներն, այդ թվում հանրապետական պատգամավորները, Ռոբերտ Քոչարյանը խախտեց տեւական լռությունը ու սովորության համաձայն իրերը կոչեց իրենց անուններով։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Քոչարյանի ոչ պաշտոնական 2-rd.am կայքում ոչ պատահական հարցազրույց է ներկայացրել կամ ավելի ճիշտ՝ «հատուկ» անդրադարձել է արծարծվող մի շարք կարեւորագույն հարցերի։ Ինչպես եւ սպասվում էր Քոչարյանը չի մասնակցի ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը նախատեսվում է ապրիլի 9-ին․«․․․ ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում»:

Այս պատասխանից նախեւառաջ պետք է արձաագրել, որ, ի հեճուկս, ՀՀԿ-ականների հավաստիացումների Արմեն Սարգսյանի թեկնածությունը լայն կոնսենսուս ի արժանի թեկնածություն չէ։ Գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Սարգսյանի մերձավոր շրջապատի ջրերը տարիներ ի վեր մի առվով չեն հոսում։ Հատկապես գործարար, Սարգսյանի ամենամոտ ընկեր, բրիտանահայ Վաչե Մանուկյանի՝ Բոբ մականունով, եւ Քոչարյանի հարաբերությունների մասին բոլորին է հայտնի, տարիներ առաջ Մոնակոյում Բոբին պատկանող շքեղ նավի վրա ծավալված զրույցից հետո, մեր տեղեկություններով, շատերին անհայտ պատճառներով ամբողջությամբ սառել է նրանց հարաբերությունները։ Ի դեպ, Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելու նույն օրը՝ մարտի 2-ին Վաչե Մանուկյանն ու կինը արդեն Երեւանում էին, Սերժ եւ Ռիտա Սարգսյանների ու ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկնոջ հետ նշում էին այդ իրադարձույունը։ Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը կարող էր ընդհանրապես չարձագանքել այս թեմային ու անտեսեր շատերի կողմից անտեսված այդ իրադարձությունը, սական նա իր ոճի մեջ է՝ եթե չի ընդունում որեւէ մարդու, ապա դրա մասին ասում է բարձրաձայն, առանց այլեւայլությունների։ Ավելի կոշտ է Քոչարյանի միջնորդավորված պատասխանը Մարտի 1-ի թեմայով։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Անդրադառնալով հարցին ու պատասխանելով այդ նախաձեռնության պատճառներին Սողոմոնյանն ասում է․«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:

Իհարկե այս հայտարարության մեջ մեծ հաշվով ճշմարտության հատիկի կա այն համատեքստում, որ եթե հարցաքննության է կանչվում Ռոբերտ Քոչարյանը, ապա դրանից չպետք է խուսափի նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ առհասարակ գործող իշխանության պարագլուխները, որոնք ակնհայտ է՝ այսօր շրջանառության մեջ են դնում բոլորի անունը, այդ թվում՝ Քոչարյանի միայն թե իրենցը չհոլովվի ու կարողանան ապրիլյան զարգացումներից առաջ ոմանց «վախը բռնել»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանից առաջ Քոչարյանի հարցաքննության հարցը բարձրացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: «Ես 10 տարի առաջ հրապարակային հնչեցրել եմ այդ հարցը՝ ակնկալելով, որ հրապարակային այդ հարցին պատասխան կտրվի, քանի որ գոնե այդ հարցը հանձնաժողովի մոտ կար»,- հարցաքննություն կանչելու մասին հայտարարեց նա՝ հիշեցնելով Քոչարյանի այն հայտարարությունը, թե ինչ-որ մարդիկ ինչ որ մեքենայի հետեւից կրակում էին ոստիկանականների ուղղությամբ։

Հետեւապես «ցինիզմ» բնութագրումը Փաշինյանից բացի վերաբերում է մնացածին, ընդհուպ՝ օրվա իշխանությունը թելադրողներին, իսկ այս պատասխանն ինքնին նշանակում է, որ ձեզանից վախեցող չկա։ Իսկ ներկայացված հարցազրույցի վերջաբանը տրվել է «հաղթական» ակորդով։ Հայտնի «ցյուրիխյան արձանագրությունների» կնքման ընթացակարգի դադարեցման վերաբերյալ հարցին Սողոմոնյանն ասել է, որ Քոչարյանը ցյուրիխյան արձանագրությունների մասին իր տեսակետը հայտնել է դեռևս 2008-2009 թվականներին: Իսկ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումն այս հարցով հայտնի է. նա դեմ էր իր իսկ խոսքով՝ «մեռելածին արձանագրություններին» և ընդհանրապես,«ֆուտբոլային դիվանագիտությանը», ինչի մասին հայտարարել էր ի սկզբանե՝ դեռևս 2008-ի հուլիսին “Մեդիամաքս” գործակալությանը տված հարցազրույցում: Այնուհետ, 2009 թվականի սեպտեմբերին, երբ հայ-թուրքական բանակցությունների ճակատագիրը դեռ չեր որոշվել, Երևանում ԱՄՆ դեսպան Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը կանխատեսել էր. /մեջբերումը՝ Վիքիլիքսից/ «Թուրքերն օգտագործում են արձանագրությունները՝ բանակցություններն արհեստականորեն երկարաձգելու, Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնելու և Հայաստանին առավելագույն վնաս հասցնելու նպատակով: Հայկական կողմը ներ է քաշվել մի գործընթացի մեջ, որն անարդյունք ավարտվելու մեծ ռիսկ է պարունակում: Եթե բանակցողը ես լինեի, ապա թուրքերի համար հստակ ու կոշտ ժամկետ կսահմանեի հարաբերություններ հաստատելու ու սահմանը բացելու մասով: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի»:

Ինչպես հայտնի է, հայ-թուրքական արձանագրությունները հետկանչվեց այս տարվա մարտի մեկին։ Ռոբերտ Քոչարյանը այսպիսով ցույց է տալիս, որ այն, ինչ ինքը կանխատեսում էր տասը տարի առաջ, օրվա իշխանությունները իրագործում են տասը տարի հետ։ Ուշագրավ է, թե այս ամենից հետո որն է լինելու Քոչարյանի քայլը գործնական դաշտում, ի վերջո, իշխանության ներսում լուրջ վախեր կան ապրիլյան գործընթացներին ընդառաջ։

Անի Սահակյան

 

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: