Թափանցիկ և հստակ ցուցումներ Սերժ Սարգսյանին

Mar 14, 2018 Comments Off on Թափանցիկ և հստակ ցուցումներ Սերժ Սարգսյանին

Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այնքան մոտ չեն եղել, ինչպես այժմ, նախօրեին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Երևանում անցկացված «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում։

Մոգերինին հույս է հայտնել, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական Միությունում։ «Ստորագրեցինք նաև այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունն օդային և ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով և առաջարկություններով, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն», – նշել է Մոգերինին։

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA»), Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ օրերս կազմակերպել էր ճեպազրույց` նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին:

Իր ներածական խոսքում դեսպան Սվիտալսկին լավատեսորեն է արտահայտվել նոյեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀՀԸԳ) վավերացման ու իրականացման գործընթացի առնչությամբ: «Թեև Հայաստանի քաղաքացիական հանրության որոշ շրջանակներ մտահոգ են և դեռևս կասկածներ ունեն ՀՀԸԳ-ի իրագործման և մոնիթորիգնային գործընթացի նկատմամբ, այդուհանդերձ, «մենք ունենք հստակ ազդակներ, որ համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է»,-նշել է պարոն Սվիտալսկին: «Լինելով ամենափոքր երկիրը Արևելյան Գործընկերության մեջ` Հայաստանը ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ»,-հավելել է Սվիտալսկին:

Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է արագացնող գործոն հանդիսանալ տեղական բարեփոխումների իրականացման համար, ինչը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսական ներուժի ծավալման տեսակետից: «Հայաստանն ունի բոլոր նախահիմքերը` զարգանալու և բարգավաճելու համար», մասնավորապես` մտավոր և մարդկային կապիտալ: Սակայն անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել կայուն տնտեսական զարգացման հասնելու համար, որը ներկայումս խոչընդոտվում է վերահսկվող ու մոնոպոլիզացված համակարգի պատճառով, ինչը հիասթափության պատճառ է հանդիսանում երիտասարդ հայ ձեռնարկատերերի համար և դրդում է երիտասարդ ու շնորհալի մարդկանց լքելու երկիրը», ասել է ԵՄ դեսպանը:

2017թ. նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այն լայն հնարավորություններ է ստեղծել ոչ միայն Հայաստանի ներսում իրական բարեփոխումների համար: Սակայն նկատվում է որոշակի դանդաղկոտություն: Ու այս ֆոնին ուշագրավ է դեսպան Սվիտալսկու հետևյալ խոսքը, թե, թեև Հայաստանի քաղաքացիական հանրության որոշ շրջանակներ մտահոգ են և դեռևս կասկածներ ունեն համաձայնագրի իրագործման և մոնիթորիգնային գործընթացի նկատմամբ, այդուհանդերձ՝ իրենք ունեն հստակ ազդակներ, որ համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է:

Պաշտոնական Երևանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստակամ է այսուհետ ևս զարգացնել և ամրապնդել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում։

Թե երբ կվավերացնեն համաձայնագիրը ԵՄ 28 երկրները և Եվրոպական խորհրդարանը, հնարավոր չէ կանխատեսել, սակայն Հայաստանը համաձայնագրի որոշ դրույթներից, օրինակ, բյուջետային աջակցությունից կկարողանա օգտվել արդեն սեփական խորհրդարանում փաստաթուղթը վավերացնելուց հետո՝ չսպասելով եվրամիության երկրների վավերացմանը:

Այսինքն, Հայաստանը համաձայնագրի ընձեռած նոր հնարավորություններից կկարողանա հատվածական օգտվել մինչև Եվրամիության կողմից վերջնական վավերացումը: Համաձայնագիրը բազմաբնույթ օգուտներ է պարունակում թե՛ Հայաստանի և թե՛ Եվրամիության համար: ԵՄ-ն նաև նախատեսում է ավելացնել Հայաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցությունը՝ հաշվի առնելով բարեփոխումների ընթացքը: Մինչև 2020թ. երկկողմանի օժանդակությունը կհասնի ընդհանուր 160 միլիոն եվրոյի: Նախորդ ժամանակաշրջանում՝ 2014-17 այդ դրամաշնորհների գումարը կազմել է 18.5 միլիոն եվրո:

Այս աջակցության համար, սակայն, կան հստակ պայմաններ: Հայաստանը պետք է իր կողմից որոշակի գործողություններ իրականացի, բավարարի այն պահանջները, որոնք սահմանվել են ոլորտային բարեփոխումների իրականացման տեմպի առումով, կոռուպցիայի դեմ պայքարի առումով, լրատվամիջոցների ազատության առումով:

Ինչևէ, ԵՄ – Հայաստան համաձայնագիրը վերջին տարիների գլխավոր ձեռքբերումն է: Բայց պարզ է նաև այն, որ ընձեռված հնարավորությունն այլ բան է, դրա օգտագործումը՝ միանգամայն այլ:

Ու այստեղ է առաջ գալիս հարցերի հարցը՝ Հայաստանի իշխանությունները իրականացնելու են իրական բարեփոխումներ: Կկարողանա՞ Հայաստանը հաջողության բանալուց օգտվել՝ սա բացառապես կախված է Հայաստանի իշխանություններից:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: