Երևան այցից հետո Մոսկվայի հետ բարիշո՞ւմ են. Թբիլիսիի ուշագրավ քայլը

Mar 15, 2018 Comments Off on Երևան այցից հետո Մոսկվայի հետ բարիշո՞ւմ են. Թբիլիսիի ուշագրավ քայլը

Վերջերս Երևան, ինչպես հայտնի է, Հայաստան պաշտոնական այցով ժամանել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը Երևանում ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ, մասնավորապես նշելով. «Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները ևս Վրաստանի կողմից կօգտագործվեն»: Նա Երևանում ողջունեց Հայաստանի և Եվրամիության միջև համակողմանի և ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը, հավելելով. «Երկուստեք համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել և երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել: Մենք համաձայնեցինք նաև, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ կայանան, որպեսզի երկկողմ համագործակցության հանձնաժողովի հանդիպումը կազմակերպվի, և մենք հուսով ենք, որ 2018-ին նման հանդիպում, անպայման, կանցկացվի»:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նախօրերին հանդես է եկել խիստ ուշագրավ, եթե չասենք՝ սենսացիոն հայտարարությամբ: Նա կոչ Է արել Ռուսաստանին՝ համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների նորմալացման համար: «Ընթացիկ տարվա օգոստոսին կլրանա տասը տարին 2018թ. պատերազմից հետո: Այդ դրամատիկ երևույթը խորը հետք Է թողել վրաց ժողովրդի կյանքում և վրաց-ռուսական հարաբերություններում: Խզվել են դիվանագիտական կապերը: Մոսկվայի կողմից Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի անկախության ճանաչումը փաստորեն փակուղի մտցրեց բնականոն միջպետական հարաբերությունների հաստատման հեռանկարը»,-ասված Է վարչապետի հայտարարության մեջ:

Կվիրիկաշվիլին Մոսկվային ասում է, որ ներկայում հարկ Է ընտրություն անել՝ այդ տարեթիվը դիմավորել փոխադարձ մեղադրանքներով ու խիստ հայտարարություններով կամ կատարել խելամիտ, թեկուզև ոչ մեծ քայլեր հարաբերությունները կախարդված շրջանից դուրս բերելու համար»: «Մենք ավելի վաղ Էլ հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ շահագրգռված ենք Ժնևյան միջազգային քննարկումների գործընթացում իրական առաջընթացի հասնելու հարցում, այդ նպատակով ես հավաստել եմ դրանում անձամբ ներգրավվելու իմ պատրաստակամությունը: Մենք նաև պատրաստ ենք ուղղակի երկխոսություն վարել աբխազների ու օսերի հետ, և այդ տեսանկյունից դրական կլիներ իրական կառուցողական մոտեցումը Ռուսաստանի կողմից: Քաղաքական կամքի առկայության դեպքում կարելի Է ձեռնարկել նաև այլ խելամիտ քայլեր»,-հայտարարել Է Վրաստանի վարչապետը:

Պաշտոնական Թբիլիսիի կողմից Ռուսաստանին ուղղված այս մեսիջը վկայում է այն մասին, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ առճակատման, լարման քաղաքականություն մտադիր չեն շարունակել, որ թեկուզ փոքր քայլերով ձգտում են հարաբերությունները տանել դեպի կարգավորում: Իհարկե, 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո լարված հարաբերությունների 10-ամյակի տեսանկյունից սա խիստ ուշագրավ և կարևոր քայլ է:

Առհասարակ հետաքրքրական են Հայաստանի հարևան Վրաստանի վերջին ձգտումները: Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հետ Թբիլիսին ձգտում է հարաբերություններ խորացման: Այժմ Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման ֆոնին՝ կարծես Վրաստանն էլ ավելի է շահագրգռված Երևանի հետ հարաբերություններին որակ հաղորդելու մեջ:

Առհասարակ, նկատելի է, որ Թբիլիսին խաղում է տարածաշրջանային կայունության օգտին: Ընդամենը օրեր առաջ Բաքու է մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Լևան Իզորիայի հանդիպմանը քննարկվել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Իզորիան ընդգծել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև եռակողմ ռազմական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային կայունությանը:

Բացի այդ, Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնության են եկել 2018 թ. Ռազմական համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Փաստաթղթերը ստորագրվել են Բաքվում, երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարիների՝ Զաքիր Հասանովի և Լիվան Իզորիայի կողմից: Հանդիպմանը պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությունը սպառազինության ստուգման և վերահսկման ոլորտում: Կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության, համատեղ զորավարժությունների, աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Միևնույն ժամանակ Թբիլիսին դիտարկում է ՆԱՏՕ–ին անդամակցելու արագացված մարտավարության իրականացման հնարավորությունը, որը վերջերս առաջարկվել էր Վաշինգտոնի վերլուծական կենտրոններից մեկի կողմից։ «Մեր ազգային առաջնահերթություններին և մեր ռազմավարական գործընկերների հետ խորհրդակցություններին համապատասխան՝ մենք արել ենք ամեն հնարավորը, որպեսզի արագացնենք մեր ինտեգրումը»,– նշել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն։

Այսպես, Թբիլիսին իր քայլերով, ակնհայտորեն, բոլոր վեկտորներով զարգացնում է հարաբերությունները՝ նպատակ ունենալով կարգավորման հասնել Մոսկվայի հետ տասնամյա բարդ հարաբերությունների մեղմացման:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: