Զարմանալի էին ոչ թե կանանց ծեծող մաչոները, այլ եվրոպական հագուստով միջնադարյան կանայք. ԵՊՀ պրոֆեսոր

Mar 14, 2018 2 Comments

Կին առաջնորդները բաժանվում են 3 խմբի. առաջին խումբը` տղամարդու կոշիկներով կին առաջնորդներն են, ովքեր առաջ են քաշվում և ասպարեզ են ստանում տղամարդկանց կողմից ու ի վերջո իրենց գործունեության ընթացքում իրագործում են տղամարդկանց նպատակները: Երկրորդ տեսակը` rule breaker-ներն են` ընդունված կանոններ պայթեցնողներն են, ովքեր դեմ են գնում գործող կանոններին և հասարակական շարժում են առաջացնում` իրենց հետևից տանելով հասարակությանը: Երրորդ տեսակը reconciler-ներն են` հաշտարարները, ովքեր երկու կողմին էլ ընդունում կամ քննադատում են: <<Երևանի ավագանու  նիստի ժամանակ տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ ես կանանց այս 3 տեսակներն էլ տեսա>>,- hayelli.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի հանրային կյանքում կանանց դերով պայմանավորված կոնֆլիկտային իրավիճակների մասին հարցին` նշեց ԵՊՀ պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:

Նրա խոսքով` Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած կոյուղաջրի ակցիան կանանց մանիֆեստացիայի փայլուն օրինակ է, որտեղ <<Երկիր ծիրանի>> խմբակցության անդամները հանդես էին գալիս rule breaker-ների դերում. <<Ինձ ավելի շատ զարմացրին ոչ թե կանանց ծեծող մաչոները, այլ եվրոպական հագուստով միջնադարյան կանայք, ովքեր իշխանության ներկայացուցիչներ էին և պատմում էին, թե ինչպիսին պիտի լինի հայ կինը, ինչպիսի վարքագիծ պիտի ունենա հայ կինը: Ես մտածում եմ, որ եվրոպական հագուկապով այդ կանայք 18-րդ դարից այս կողմ չեն շարժվել և ոչինչ չգիտեն ոչ կանանց դերի, ոչ կանանց շարժման մասին: Իրենք ընդամենը տղամարդու դրածոներ են և չեն հասկանում, որ ապրում են 21-րդ դարում: Եթե անգամ իրենք այդպես են մտածում, գոնե  կարող էին չբարձրաձայնել իրենց հետամնացությունը և ժամանակավրեպությունը»,- նշեց Լ. Հարությունյանը:

Մյուս խմբի կանայք, ովքեր փորձեցին որևէ մեկի կողմը չբռնել, հաշտարարներն էին` reconciler-ները, ովքեր ասում էին` այդպես չէր կարելի, երկու կողմն էլ մեղավոր են. «Այս տեսակի մեջ մտնող կանայք ոչ մի իրական օգուտ չեն տալիս հասարակությանը և կանանց շարժմանը: Իսկ Զարուհի Փոստանջյանի խումբը ակցիա արեց` հայտարարելով, որ բնակիչները 3 տարի է` շնչում են այդ օդը, երկու րոպե էլ դուք շնչեք: Բայց պարզվեց, որ երկու րոպե էլ չեն կարողանում շնչել: Քաղաքապետարանը, կոնֆիլկտային իրավիճալից ելք առաջարկելու փոխարեն, ակցիան վերածեց խայտառակության` ցուցադրելով իր միջնադարյան մտածելակերպը: Անշուշտ, սա ինստիտուցիոնալ ճգնաժամի դրսևորում էր, որովհետև պարզվեց, որ ընտրված մարմինը չի պատկերացնում իր ֆունկցիան, չգիտի իր անելիքները և պատրաստ չէ կոշտ ակցիաների»,- կարծիք հայտնեց ԵՊՀ պրոֆեսորը:

Դիտարկմանը, թե քաղաքային գործող իշխանությունը, ի դեմս Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության, ստացել է համոզիչ քվե, Լ. Հարությունյանը հակադարձեց. <<Այո, ստացել է, և դա նշանակում է` ճգնաժամի մեջ է ոչ միայն իշխանությունը, այլ նաև հասարակությունը: Երբեք չի կարելի ցասումն ու դժգոհությունը ուղղել միայն ընտրված մարմնի կողմը. ընտրողը նույնպես պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար: Այստեղ կա երկկողմանի պատասխանատվություն, և եթե մենք անընդհատ մատնացույց անենք կողմերից միայն մեկին, խնդիրը երբեք չի լուծվի: Մենք միշտ եղել ենք ավանդական հասարակություն, իսկ հիմա դառնում ենք նեոավանդական, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ»: Գիտնականի համոզմամբ` մենք պետք է ձևավորենք նաև ընտրողին քննադատելու մշակույթ. ընտրողը, դժգոհելու և ձայնը վաճառելու փոխարեն, պիտի սովորի ընտրել և պահանջել, որ խնդիրները լուծվեն:

Կարինե  Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Հարցազրույց

2 Անդրադարձ “Զարմանալի էին ոչ թե կանանց ծեծող մաչոները, այլ եվրոպական հագուստով միջնադարյան կանայք. ԵՊՀ պրոֆեսոր” հրապարակմանը

  1. Լյուդմիլա Հարությունյան. «Զարմանալի էին ոչ թե կանանց ծեծող մաչոները, այլ …» – WomenNet.am says:

    […] Հարությունյանը՝  անդրադառնալով   Hayelli.am-ի հետ զրույցում    Երևանի ավագանիում  […]