Համակարգը սկում է խժռել իր զավակներին

Mar 12, 2018 Comments Off on Համակարգը սկում է խժռել իր զավակներին

«Ժամանակ» թերթը տեղեկություն էր հրապարակել, որ Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և վաճառքի է հանել իր ունեցվածքը՝ ավտոմեքենաներ, հողատարածքներ, շինություններ։ Ընդ որում, ավտոմեքենաների վաճառքի հայտարարությունը տեղադրված է եղել List.am առք ու վաճառքի հայտարարությունների կայքում, իսկ նշված հեռախոսահամարով զանգահարելիս զանգին պատասխանել է անձամբ Վարդան Ղուկասյանը:

Tert.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանը հաստատել էր, որ իր ունեցվածքի որոշ հատվածը իսկապես վաճառում է. «Ասենք, թե մի քանի բան հանում ենք վաճառքի, ի՞նչ կլինի որ»,– նշել է նախկին քաղաքապետը:
Նա նաև հայտարարել էր, թե հնարավորություն ունեցող մարդիկ երկրում շատ քիչ են. «Մի քառասուն, երեսուն տուն կա, որ լավ է ապրում, էլ ո՞վ կա: Ով էլ մի քիչ հնարավորություն է ունենում, այնպես են անում, որ չունենա, եղածը խլեն, վերջացնեն, ավիրեն»,- Tert.am-ի փոխանցմամբ` նշել է Վարդան Ղուկասյանը և ավելացրել, թե իր դեպքում նյութական խնդիրները չեն կարող
պատճառ հանդիսանալ արտագաղթի համար. «Մի բան կարող է արտագաղթի պատճառ դառնալ ինձ համար: Դա էլ թող մնա մեր մեջ»,- ասել է նա:

Ինչպես ասում են` հեյ գիդի օրեր: Կար ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը Գյումրիում ինքնիշխան և և հզոր տիրակալ էր: Այնտեղ կատարվող ամեն մի քայլը` սկած կառուցվող շինություններից, վերջացրած փողոցում հնչող կրակոցներով, կապվում էր անմիջականորեն Վարդան Ղուկասյանի կամ նրա հարազատների ու մերձավոր շրջապատի անվան հետ:

Այն ժամանակ Վարդան Ղուկասյանը Գյումրիում հենց այն անձն էր, ով կարող էր մարդկանց ձեռքից ինչ-որ բան խլել, վերցնել ու ավերել: Այսօր, փաստորեն, նույն Վարդան Ղուկասյանը դժգոհում է <<եղածը խլելու>>  և մարդուն ունեցած հնարավորությունից զրկելու համար: Հայաստանն ու մասնավորապես Գյումրին վաղուց են վերածվել կլանային շահերի բախման թատերաբեմի: Կլանային պայքարը երբեք բարոյականության և իրավական բարձր նորմերի վրա չի հիմնվում: Կլանները հզորանում են այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության կենտրոնական բուրգի և կլանին սպսարկող խմբի շահերը համընկնում են և վերջինը վայելում է իշխանության բարձր հովանին: Այդ փուլում ներվում է ամեն ինչ` սպանություն, կրակոցներ, խորտակված ճակատարգրեր, հարստահարված համայնք և այլն:

Բավական է իշխանության և կլանի ընդհանուր շահը վերանա` համակարգն սկում է խժռել իր զավակներին: Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այս համակարգի զավակն է. նրանից ավելի լավ ո՞վ գիտի, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր դուրս են գտնվում, իր բառերով ասած, << քառասուն, երեսուն>> հոգու ցուցակից:  Վարդան Ղուկասյանը ճիշտ է. նրանք կա’մ ոչինչ չեն ունենում և ստիպված հաշտվում են օրվա հացով ապրելու չարքաշ ճակատագրին, կա’մ էլ արտագաղթում են: Իսկ նրանք, ովքեր նախկինում եղել են այդ << քառասուն, երեսուն>> հոգու ցուցակում և հետո տեխնիկական պատճառներով դուրս են թռել ցանկից, դաժան լուստրացիա են ապրում. դա համարյա անհույս վիճակ է. չի փրկում ո’չ կուսակցությունից հեռանալը, ո’չ նոր կուսակցության անդամագրվելը և ո’չ էլ անգամ պատգամավորական մանդատը: Սա ջունգլիի դաժան օրենքն է, որը եթե մի անգամ ընդունել ես, հետագա ողջ կյանքում դատապարտված ես ապրել դրանով:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: