Վիգեն Սարգսյանը կանխել է սկանդալը և տապալվել  

Mar 13, 2018 Comments Off on Վիգեն Սարգսյանը կանխել է սկանդալը և տապալվել  

«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցած զինծառայողների ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի գումարների վրա չի կարող իրականացվել բռնագանձում: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության մեկնած որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որի հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ:

««Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ «Ես եմ » ծրագրով զինվորական ծառայության մեկնած որոշ զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որի հիման վրա իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ՝ չի համապատասխանում իրականությանը և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գնահատվում է որպես ապատեղեկատվություն և փաստերի խեղաթյուրում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրել է, որ 2017 թվականի դեկտեմբերից կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հաշվետվության բարձրացման նպատակով այդ անձնակազմի, այդ թվում ժամկետային պարտադիր զինծառայողների դրամական ապահովությունը հաշվարկվել է անկանխիկ՝ բանկային քարտերի միջոցով: Սկսվել է քարտերի տրամադրման գործընթաց և 2017թ. դեկտեմբեր ամսվա դրամական ապահովության հաշվարկման գործընթացում բանկերի կողմից ՀՀ պաշտպանության նախարարություն է ներկայացվել տեղեկատվություն, համաձայն որի` մի շարք ժամկետային պարտադիր զինծառայողների մասով առկա են կատարողական թերթեր՝ վերջիններիս դրամական գումարների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ: Հաշվի առնելով ժամկետային պարտադիր զինծառայողների ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշմամբ սահմանված դրամական ապահովության չափերը, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել և ընթացիկ տարվա փետրվարի 8-ին շահագրգիռ պետական մարմինների քննարկմանն է ներկայացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծ: Համաձայն օրինագծի` ժամկետային պարտադիր զինծառայողների դրամական ապահովության, այդ թվում՝ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցած զինծառայողների ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի գումարների վրա չի կարող իրականացվել բռնագանձում:

««Ես եմ» ծրագրով զորակոչիկները ՀՀ զինված ուժեր են զորակոչվել 2018թ. հունվարի 28-ին, իսկ նրանց դրամական ապահովության հաշվարկը առաջին անգամ իրականացվել է սահմանված կարգով՝ փետրվարի 20-ից հետո, որի պարագայում ՀՀ պաշտպանության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը չէր կարող կապված լինել «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների դրամական ապահովության հաշվարկման հետ: Բացի այդ, ընթացիկ տարվա փետրվարի ընթացքում նշված զինծառայողներին դրամական ապահովության փոխանցման շրջանակներում չի բացահայտվել որևէ զինծառայողի նկատմամբ հարկային կատարման գործընթացի առկայություն»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Իրականության մեջ այն, ինչի մասին բարձրաձայնել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը, փաստում է նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնության առաջին տապալումը:

Ինչպե հայտնի է, «Ես եմ» ծրագիրն այս տարի առաջին անգամ փորձնական է ներդրվել։ Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 միլիոն դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում` մատչելի բնակարան, մինի ֆերմա և ուսման վարձի փոխհատուցում: Փոխարենը, զինվորը առաջնագծում կծառայի երեք տարի հետևյալ գրաֆիկով. երկու շաբաթ դիրքերում, մեկ շաբաթ նախապատրաստական վարժանքներ և մեկ շաբաթ տանը: Յուրաքանչյուր ամիս` արձակուրդ գնալիս, նրանք կստանան արձակուրդային գումար` 35 հազար դրամ ճանապարհածախսի և այդ մեկ շաբաթվա ծախսերը հոգալու համար: Պարզվում է սակայն, որ գումարը, որը նախատեսված է զինվորի համար, կարող է բոլորովին այլ նպատակի ծառայել` ընդհուպ բռնագանձվել ԴԱՀԿ-ի կողմից` ի հատուցումն զինվորի ընտանիքի ունեցած պարտքերի և չվճարված վարկերի: Պաշտպանության նախարարությունը թերևս տիրապետել է իրավիճակին և նախապես փորձել է կանխել սկանդալը`  նախաձեռնելով օրենսդրական փոփոխություն, որը արգելում է բռնագանձել «Ես եմ» ծրագրով տրվող գումարները: Բայց խնդիրն ունի այլ, ավելի խորքային ենթատեքստ, որը փաստացի բացահայտվել է. «Ես եմ» ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների զինակոչիկների մոտ: Նրանք ընտրել են ծառայության այս տեսակը, որովհետև այլ ելք չունեն, որովհետև սրանք այն ընտանիքների երեխաներն են, որոնց համար ամսական 35 հազար դրամ ծառայության մեջ գտնվող որդուն հատկացնելը լուրջ խնդիր է: Թերևս 35-հազարական դրամ արձակուրդայինները և հետագայում ակնկալվող 5 մլն դրամը ծանր սոցիալական վիճակից դուրս գալու միակ հեռահար ելքն է, որին պարտադրված դիմել են այս մարդիկ: Երբ աշխատանքային կարիերա չսկսած` ընդամենը 18 տարեկան երիտասարդը հայտնվում է բռնագանձման թիրախում, իսկ հետո արդեն զորակոչվում «Ես եմ»  ծրագրով, առավել քան ակնհայտ է, թե ում համար է մտածված ծրագիրը:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: