Ինչո՞ւ վերջին պահին որոշեցին փուռը տալ Վաչե Գաբրիելյանի նախարարությունը

Mar 14, 2018 Comments Off on Ինչո՞ւ վերջին պահին որոշեցին փուռը տալ Վաչե Գաբրիելյանի նախարարությունը

Ազգային ժողովի կողմից օրերս ընդունված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի համաձայն`  կառավարության նոր կառուցվածքում տեղ չի ունենալու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը: Նոր կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետներից և 17 նախարարներից՝ գործող 18-ի փոխարեն: Վաչե Գաբրիելյանի ղերավարած միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը կլուծարվի: Սա բավականին ուշագրավ և վերջին պահին ընդունված տարբերակ է, որովհետև հունվարին կառավարության կողմից հաստատված նախագծի տարբերակում նախարարությունների թիվը 18 էր: Կառավարության միասնական տեղեկատվական հարթակում հրապարակված տարբերակում ևս տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը նախատեսված էր: Կառավարությունից Ազգային Ժողով ճանապարհին կամ էլ մինչ այդ փաստորեն նախագծում կատարվել է փոփոխություն և որոշվել նախարարությունների թիվը նվազեցնել: Ճիշտ է, անձնապես Վաչե Գաբրիելյանի հարցին լուծում տրվել է` նա ապագա կառավարությունում կզբաղեցնի 3 փոխվարչապետներից մելի պորտֆելը, սակայն ամեն դեպքում ընդամենը մի քանի տարի առաջ ստեղծված նախարարությունը վերջին շրջանում բավականին ակտիվ էր ռազմավարական ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների մշակման հարցերում:

Նոր սահմանադրության կառավարման արդյունավետության հետ կապված` մի շարք կարևոր օրենսդրական փոփոխությունների հեղինակը հենց Վաչե Գաբրիելյանի գլխավորած նախարարությունն է եղել: Օրինակ` վերջերս հանրային հնչողություն ստացած Հանրային ծառայության և Քաղաքացիական ծառայության մասին օրինագծերը, որոնք նշված ոլորտներում կտրուկ փոփոխություններ են նախատեսում, մշակվել են հենց միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կողմից: Մասնավորապես Հանրային ծառայության մասին օրենքի նախագծով սահմանվում էր, որ մամուլի խոսնակները նախարարություններում նշանակվելու են լրատվական ծառայության ղեկավար: Քաղաքացիական ծառայության մասին օրինագծով նախատեսվում է ամբողջությամբ փոխել պաշտոնների դասակարգման նախկին համակարգը, ինչպես նաև կարճաժամկետ ռեզերվում գտնվելու համար սահմանված ժամկետը: Ըստ այդմ`քաղծառայողը կարճամակետ ռեզերվում գտնվելու 6-ամսյա ժամկետում կվճարվի 3 ամսով` նախկին 6 ամսվա փոխարեն: Ստացվում է, որ նոր օրենքը առաջին անգամ կփորձարկվի այն մշակողների վրա:

Ինչ վերաբերում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ընդունված օրենքին, դրանով սահմանվել են, որ վարչապետի և փոխվարչապետի լիազորությունների ապահովման համար վարչապետը պետք է աշխատակազմ ունենա, որը ձևավորում է հենց վարչապետը, իսկ փոխվարչապետներին սպասարկելու է համապատասխան գրասենյակը: Նախատեսվել են դրույթներ` կառավարության նիստերի անցկացման, քվորումի վերաբերյալ, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, օրինակ` պատերազմական իրավիճակում: Քանի որ կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու, կառավարության գործունեության թափանցիկության վերաբերյալ ևս դրույթներ են ամրագրվել: Ըստ նոր օրենքի` կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են, բացի վարչապետից, կառավարության անդամների 2/3-ը: Միաժամանակ սահմանվել են դեպքերը, երբ վարչապետը պարտավոր է ներկայացնել հրաժարական, մասնավորապես, երբ կորցրել է քաղաքացիությունը, ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն կամ խախտել է օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: