Որ հարուստներն էլ ավելի հարստանան. Վաչե Գաբրիելյանը հաստատել է ԱՄՆ դեսպանի խոսքը

Mar 12, 2018 Comments Off on Որ հարուստներն էլ ավելի հարստանան. Վաչե Գաբրիելյանը հաստատել է ԱՄՆ դեսպանի խոսքը

Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ 2017-ին գրանցած 7,5% տնտեսական աճը շարքային քաղաքացին իր մաշկի վրա չի զգում, քանի որ եկամուտները կենտրոնացած են հարուստների ձեռքում:«Դրա մասին նախագահն էլ ասաց, և ներառական աճի խնդիրը մեր օրակարգում է, պետք է բարձրացնենք: Ես չեմ կարծում, որ շարքային քաղաքացին ընդհանրապես չի զգում, բայց բնականաբար, երբ ասում ենք՝ հասարակության մոտ եկամուտները հավասարաչափ չեն բաշխված, ապա աճի արդյունքներն ավելի շատ զգում է ունևոր խավը, քան չունևոր: Բայց այնպես չէ, որ չունևոր խավն ընդհանրապես որևէ արդյունք չի զգում»,- նշել է նա: Ըստ Վաչե Գաբրիելյանի` ներառական աճի խնդիր կա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Գաբրիելյանի այս հայտարարությունը հակասական  մեկնաբանությունների, առավելապես քննադատությունների տեղիք է տվել` հասկանալի պատճառներով: Եթե այդ աճի արդյունքներում հարուստները պիտի էլ ավելի հարստանան, ում է պետք աճն ընդհանրապես, և որն է այս դեպքում կառավարության ֆունկցիան: Ինչպես է եղել, որ 2017 թվականին Հայաստանից հեռացել և այլևս չի վերադարձել ավելի քան 37,5 հազար քաղաքացի. ճիշտ է, դա գրեթե 30 տոկոսով պակաս է 2016 թվականի ցուցանիշից՝ 2016-ին անվերադարձ հեռացածների թիվը գերազանցել է 55 հազարը, բայց ամեն դեպքում փաստ է, որ Հայաստանից հեռացել է բնակչության 1 տոկոսը, որը լուրջ թիվ է:

Սրանք, իհարկե, քննարկման ենթակա առանձին հարցեր են, սակայն Վաչե Գաբրիելյանը խոշոր հաշվով ասել է ճշմարտությունը: Ի վերջո, կառավարությունը համառորեն պնդում է, որ եղել է 7,5 տոկոս տնտեսական աճ: Բայց եթե այդ աճի հետևանքները չեն զգացվում ո’չ պետական բյուջեի վրա, ո’չ հանրային լայն շերտերի եկամուտների վրա, ո’չ 30 տոկոս աղքատների վրա, որոնց թիվը անգամ 1 տոկոսով չի պակասել, այդ դեպքում ինչ-որ տեղ այդ աճի արդյունքները պետք է երևան: Ինչ-որ մեկը պաշտոնապես պարտավոր էր ցույց տալ` այդ աճի արդյունքները որտեղ են ամփոփված, հակառակ պարագայում կառավարությունը ստիպված էր լինելու խոստովանել, որ ներկայացրել է կեղծ վիճակարգրություն և իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Վաչե Գաբրիելյանը իրականում փրկել է կառավարությանը. նա ասել է այն, ինչ պետք է ասվեր. Հայաստանում 7,5 տոկոս տնտեսական աճը ծառայել է միայն մեկ նպատակի` հարուստները էլ ավելի են հարստացել: Սա ճշմարտությունն է, որը լսելը թերևս հաճելի չէ: Նա նաև անուղակիորեն հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքը, թե ազդեցիկ մարդկանց մի խումբ շարունակում է իր համար տնտեսական արտոնյալ պայմաններ ու մենաշնորհներ ձեւավորել, ինչը վանում է արտաքին ներդրողներին:

Գլխավոր հարցն այն է, թե արդյոք կառավարությունը իր առջև դրել էր խնդիր, որ աճի հետևանքները զգան, ոչ միայն ԱՄՆ դեսպանի ասած ազդեցիկները, այլ նաև հասարակության լայն խավերը, հատկապես նրանք, ովքեր խոցելի են, աղքատ և ամենաշատը ունեն աճի կարիք: Ըստ էութայն ո’չ. նման խնդիր չի էլ եղել, հակառակ պարագայում միշտ էլ կարելի է գտնել մեխանիզմներ` աճը դարձնելու ներառական:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: