Ելք-ում երկու հոգի կան, որ ընդդիմադիր են

Mar 11, 2018 Comments Off on Ելք-ում երկու հոգի կան, որ ընդդիմադիր են

«Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ հանրահավաքներ է սկսում։ Վաղը Ազատության հրապարակում, ժամը հինգին կմեկնարկի առաջին հանրահավաքը, զուգահեռ հավաքներ կանցկացվեն աշխարհի մի շարք քաղաքներում՝ Ստրասբուրգ, Լոնդոն, Լոս Անջելես, Փարիզ:

«Ընդդեմ ռեժիմի հավերժացման», «Հանուն քաղբանտարկյալների ազատության», «Հանուն Հայաստան պետության». սրանք են հանրահավաքների խորագրերը։ «Հանուն Հայաստան պետության» ճակատը կոչով դիմել է հայաստանյան ընդդիմադիր ուժերին, որպեսզի միավորվեն ու համատեղ պայքարով կասեցնեն ռեժիմի հավերժացման ծրագիրը, այն է Սերժ Սարգսյանի նորից վարչապետ դառնալու գործընթացը։ Կոչին այս պահի դրությամբ արձագանքել է միայն Քաղաքացիական պայմանագիրը։

Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցները կմասնակցեն հանրահավաքին, սակայն շարքային քաղաքացիների կարգավիճակում։ Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանն էլ իր հերթին է կոչ անում ընդդիմադիրներին, գոնե «ոչ դրածո» ձեռքերը ծալած չնստել, քանի որ Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ ինքան էլ դժվար է Հայաստանում առկա իրողության պայմաններում հասնել իշխանափոխության, սակայն պայքարելը տանը նստելուց լավ է․«Ես որպես քաղաքացի վստահաբար մասնակցելու եմ վաղվա հանրահավաքին, իհարկե, մարտավարության խնդիր կա, հարկավոր է համատեղել ուժերը, միասնական մարտավարություն մշակել, սակայն եթե մենք չկարողանանք օգնել, հաստատ խանգարել չենք փորձելու։ Ռազմիկ Պետրոսյանը ընդունելով, որ ժողովուրդը հիասթափված է ընդդիմադիր ուժերից ու գործիչներից, այդուհանդերձ շեշտում է, որ ժողովուրդն ինքը պետք է պայքարի․«Ինչ եք առաջարկում, եթե չպայքարենք, ինչ որ բան է փոխվելո՞ւ, ուրեմն հարկավոր է պայքարել, եթե նույնիսկ դժվարություններն ակնհայտ են։ Մեր դաշինքում եթե տեսնենք պայքարն ազնիվ է, ապա հաստատ չենք սպասի հատուկ հրավերի, կմիանանք ցանկացած պայքարի, որն ուղղված կլինի իշխանության դեմ»։ Մինչդեռ ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանը չի պատրաստվում մասնակցել հանրահավաքի․«Ես դեմ չեմ խոսի ընդդիմադիրների նախաձեռնության մասին, մարդիկ գործընթաց են սկսել, թող շարունակեն, բայց ես չեմ մասնակցի, որովհետեւ պատճառները տարբեր են, այսքանով սահմանափակվենք», մեզ հետ զրույցում ասաց նա։

Մեր հարցին ընդդիմադիրները կմիավորվեն այս օրակարգի շուրջ, Եղիազարյանը պատասխանեց․«Ընդհանրապես մարդիկ միավորվում են գաղափարի շուրջ։ Ազատվեցինք Սերժ Սարգսյանից,լավ, իսկ հետո՞» հռետորական հարց է հնչեցնում նա։ Մեր դիտարկամնը, թե ի տարբերություն Ելք-ի, որն առաջարկում է պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի դեմ, այս ճակատում նաեւ իշխանափոխության պահանջ է դրված, Եղիազարյանը արձագանքեց․«Ելք-ի մասին չեմ ուզում խոսել, այնտեղ երկու հոգի կան, որ ընդդիմադիր են, մնացածին չեմ իմանում ինչով են զբաղված»։ Եղիազարյանի խոսքով՝ իրեն հայտնի չէ, թե ինչ է «հետո» առաջարկում Հանուն Հայաստան փրկության ճակատը․«Այսինքն հետո միանում ենք այն լոզունգների՞ն, որն իրենք ունե՞ն, ես դրանց համաձայն չեմ ու միավորվել չեմ ցանկանում»։ Թե ինչպիսի լոզունգների մասին է խոսքը, Եղիազարյանը չմանրամասնեց։ «Հանուն Հայաստան պետության» ճակատն անցած ամիսներին պարբերաբար հավաքներ էր հրավիրում, քննարկումներ, որոնք վերաբերում էին իշխանության դեմ պայքարի սցենարներ մշակելուն։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: