Մեկ ամիս ժամանակ՝ Իլհամի տապալման հույս արթնացնելու համար

Mar 11, 2018 Comments Off on Մեկ ամիս ժամանակ՝ Իլհամի տապալման հույս արթնացնելու համար

Մեկ ամսից՝ ապրիլի 11-ին, Ադրբեջանում նախագահական ընտրություններ են կայանալու: Այս ընտրությունները առանձնահատուկ են Ալիևի կլանի հավերժացման ու երկրի ավորիտարիզացման տեսանկյունից:

Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ Բաքվում աշխատանքն է սկսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ, ODIHR) դիտորդական առաքելությունը:

Առաքելության ղեկավար, Նիդերլանդների ներկայացուցիչ Կորիեն Յոնկերը արդեն իսկ ժամանել է Բաքու: 52-ամյա հոլանդուհին ընտրությունների դիտարկման որոշակի փորձ ունի` 2014-ին, օրինակ, նա ղեկավարել է Բոսնիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Ավելի վաղ Յոնկերը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակ էր` ղեկավարելով այդ կառույցի Միգրացիայի և փախստականների հարցերի հանձնաժողովը:

Նախորդ շաբաթ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակեց ընտրությունների նախապատրաստմանը վերաբերող առաջին նախնական զեկույցը, որ կազմվել էր «Կարիքների գնահատման առաքելության» շրջանակում: Զեկույցում ԵԱՀԿ ներկայացուցիչները նշում էին, որ ապրիլի 11-ի քվեարկության ընթացքը համակողմանիորեն դիտարկելու համար ԺՀՄԻԳ-ը պետք է առնվազն 30 երկարաժամկետ և 280 կարճաժամկետ դիտորդ ուղարկի Ադրբեջան, հայտնում է «Ազատությունը»:

ԵԱՀԿ կազմած զեկույցում նաև նշված էր, որ գնահատման առաքելության անդամները Բաքվում հանդիպել են քաղաքական դաշտի, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական հանրության բազմաթիվ ներկայացուցիչների հետ, որոնց մի մասը լուրջ կասկածներ է հայտնել, թե ապրիլի 11-ի ընտրությունները կարող են անցնել իրոք մրցակցային միջավայրում: Զեկույցի հեղինակները նաև հատուկ ընդգծում են, որ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են նախագահության թեկնածուներ առաջադրել և պատրաստվում են բոյկոտել առաջիկա ընտրությունները:

«Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչները մեզ հետ զրույցներում նշում էին, որ պատրաստվում են լայնածավալ համազգային քարոզարշավ անցկացնել ի պաշտպանություն իրենց թեկնածուի», – նշում էին զեկույցի հեղինակները` ընդգծելով սակայն, թե ընդդիմության ներկայացուցիչները վստահ են, որ լայնամասշտաբ քարոզչության հնարավորություններ ընձեռվում են բացառապես իշխանության թեկնածուին:

«ԺՀՄԻԳ առաքելության անդամների հետ զրույցներում շատերը նշում էին, որ ադրբեջանական օրենսդրությունն ու դրա կիրառման ձևը խոչընդոտում են անկաշկանդ քարոզչության ծավալմանը: Խոսքը մասնավորաբար հավաքների հիմնարար ազատությունների սահմանափակման մասին է», – նշում են զեկույցի հեղինակները:

Ապրիլի 11-ին կայանալիք ընտրություններին գործող նախագահ Իլհամ Ալիևի մրցակիցների դերում հանդես են գալիս հիմնականում իշխանամետ մանր կուսակցությունների առաջնորդները: Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն իսկ գրանցել է առաջադրված 15 թեկնածուներից 4-ին: Իլհամ Ալիևից բացի նախագահի թեկնածուի վկայականներ են ստացել նաև Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Արազ Ալիզադեն, «Միասնական ժողճակատ» կուսակցության ղեկավար Ղուդրաթ Հասանղուլիևը և ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը:

Իրական ընդդիմության ներկայացուցիչները` «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը», Ժողճակատը և «Մուսավաթ» կուսակցությունը պատրաստվում են առաջիկա մեկ ամսում ակտիվ բոյկոտի քաղաքականություն իրականացնել՝ մարտի 10-ին դուրս գալով բողոքի ցույցի:

Թե ինչ արդյունքների կհասնեն ընդդիմադիրները, կկարողանա՞ն հասարակական ընդվզում արթնացնել և իրական դժգոհությունը վեր հանեն՝ կերևա մեկ ամսվա ընթացքում:

Իրական դժգոհություն, թերևս, այդ երկրում որոշակի մակարդում առկա է, հարցն այն է, թե հասարակական դժգոհությունը կստանա՞ արտահայտություն: Պարզ է, որ այդ երկրում տիրում է վախի մթնոլորտ, մարդիկ ըստ ամենայնի ահաբեկված են, իսկ նման պայմաններում դուրս գալ ընդդեմ Ալիևի ռեժիմի՝ իրական սպառնալիք է մարդկանց համար:

Իրական ընդդիմադիրների խնդիրը, ուրեմն, էլ ավելի բարդ է: Սակայն երկրում հասարակության մոտ՝ փոփոխության հույս արթնացնելը անիրական չէ՝ չնայած երկրում տիրող բռնապետական մթնոլորտին:

Մետաքսյա Շալունց

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: