Վախենում են զրկվել պաշտոնից

Mar 12, 2018 Comments Off on Վախենում են զրկվել պաշտոնից

Կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկված բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը  ետ է վերադարձվել կառավարություն:Պատճառն, ըստ ամենայնի, նախագծում ամրագրված դրույթն է, ըստ որի` բուհերի վարչական պաշտոնների համար առավելագույն տարիք է սահմանվում 70 տարեկանը: Նախագծի այս դրույթը համակարգում լուրջ իրարարանցում է առաջացրել, որովհետև այսօրվա վիճակով բուհական համակարգում վարչական պաշտոնների կեսից ավելին զբաղեցնում են 70 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ: Բացի այդ` նախագծով հստակեցվում է, թե որոնք են վարչական պաշտոնները և, ըստ այդմ, որպես նորամուծություն` նախագծով առաջարկվում է վարչական դիտարկել նաև ամբիոնի վարիչի, դեկանի, պրոռեկտորների պաշտոնները: Այս փոփոխության դեմ ընդդիմանում է հատկապես «Ծառուկյան» դաշինքը: Պատճառները հասկանալ դժվար չէ` «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր, մանդատին զուգահեռ, բուհերում զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ և որևէ կերպ չեն ուզում հրաժարվել այդ լծակներից:

Կառավարության վերջին հարց ու պատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները այս թեմայով ուղղակի գրոհ կազմակերպեցին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ուղղությամբ: Մկրտչյանն էլ հայտարարեց, թե օրենքի նախագիծը նպատակ ունի ստեղծել մի վիճակ, որպեսզի մի մարդը 4 տեղ ամբիոնի վարիչ չլինի, մի մարդը տարբեր տեղերում այլ պաշտոններ չզբաղեցնի, միաժամանակ կես դրույքով էլ ամբիոնի վարիչ լինի: Նախարարը նշել է, որ ամբիոնի վարիչների պաշտոնը. «Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում լինել 0,25 դրույքով ամբիոնի վարիչ»,- ասաց նա: ԱԺ դահլիճում նստածները թերևս հասկացան, որ դա վերաբերում է նաև իրենցից շատերին:

ԱԺ պատգամավորների կենսագրությունների ուսումնասիրությունը այս առումով բավականին ուշագրավ պատկեր ցույց տվեց: Օրինակ` պարզվում է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 1997թ. ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է: ԱԺ նախագահի տեղակալ, «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը 2009 թվականից` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչն է: Նրա կուսակցական գործընկերը` պատգամավոր Մարինա Մարգարյանը, 2011 թվականից ակնաբուժություն, լոռ և ստոմատոլոգիա «025» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար է:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը 2003-2007թթ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչն է եղել: 2012 թվականից ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր է, մագիստրոսական ծրագրերի ղեկավար: Նույն խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը  2002-2016թթ.` Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: 2016 թվականից՝  նույն ինստիտուտի ֆիզդաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:

Այսինքն` ընդդիմացողները, ինչպես տեսնում ենք, ունեն նաև կոնկրետ անձնական շահեր, որովհետև օրենքի ընդունման դեպքում կոնկրետ ԱԺ նախագահն ու փոխնախագահը հրաժեշտ են տալու իրենց բուհական պաշտոններին, որը հավանաբար ցանկալի չէ: Եթե դրան գումարենք նաև այն իրողությունը, որ գործող ամբիոնի վարիչները մեծ մասամբ արդեն հատել են կամ շատ մոտ են 70 տարեկանի շեմին, ապա հասկանալի կդառնա, թե ում է ձեռնտու այս աղմուկը:

 

 Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: