Երկակի լրտեսի թունավորման հետքերը տանում են դեպի Ռուսաստան. «Ամերիկայի ձայն»

Mar 08, 2018 Comments Off on Երկակի լրտեսի թունավորման հետքերը տանում են դեպի Ռուսաստան. «Ամերիկայի ձայն»

Մեծ Բրիտանիան սպառնացել է խիստ պատասխանով հանդես գալ, եթե պարզվի, որ ռուս երկակի գործակալի սպանության փորձի հետեւում կանգնած է Ռուսաստանը։ Խոսքը Սերգեյ Սկրիպալի մասին է, ում նրա դստեր հետ անգիտակից վիճակում էին գտել Անգլիայի հարավում գտնվող մի քաղաքում։  Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը կիրակի օրն Անգլիայում հայտնաբերել էին անգիտակից վիճակում՝ թունավորման ախտանիշներով։ Նրանք այժմ պահվում են հիվանդանոցային պայմաններում անվտանգության ուժեղ վերահսկողության ներքո։ Սկրիպալին Ռուսաստանում ձերբակալել էին Մեծ Բրիտանիային պետական գաղտնիքներ փոխանցելու մեղադրանքով ու 2006 թվականին դատապարտել 13 տարվա ազատազրկման։ Սակայն ԱՄՆ-ի հետ լրտեսների փոխանակման արդյունքում նա հանձնվել էր ԱՄՆ-ին ու բնակություն հաստատել Անգլիայում։

Այժմ ահաբեկչության դեմ գործող ոստիկանությունն անցկացնում է հետաքննություն, եւ փակել է այն բոլոր տեղանքները, որտեղ այցելել են հայր եւ դուստր։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին։ Իսկ զարգացումներն աստիճանաբար սկսում են խոսել նրանց թունավորման գործում Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին։
Այդ կապակցությամբ արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Եթե հայտնաբերվեն փաստեր, որոնք ապացուցեն պետական ներգրավվածությունը, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կտա պատշաճ ու խիստ պատասխան»։

Այս դեպքը կարծես լինի 2006 թվականին նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության արձագանքը, որին սպանել էին ռադիոակտիվ պոլոնիումով թունավորված թեյով։ Մեծ Բրիտանիայի հետաքննիչների վերջնական եզրակացությունում ասված է, որ Լիտվինենկոյին սպանելու հրահանգն արձակվել է նախագահ Պուտինի կողմից։

Ինչպես Հենրի Ջեքսոնի անվան վերլուծական կենտրոնի փորձագետներից Էնդրու Ֆոքսալն է ասում, Մեծ Բրիտանիան այժմ պիտի մտածի դիվանագիտական պատժամիջոցները Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ համակարգելու մասին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե Պուտինի քանի մերձավորներ ունեն ներդրումներ Լոնդոնում, քանի տներ ունեն նրանք այստեղ, քանիսի կանայք ու ընկերուհիներն են բնակվում այստեղ, քանիսի երեխաներն են հաճախում ուսումնական հաստատություններ այստեղ, կարելի է ենթադրել, թե միակողմանի ինչ քայլերի կարող է դիմել Մեծ Բրիտանիան»։

Ռուսաստանը հերքում է նախկին գործակալի թունավորման հարցում ներգրավվածության մասին լուրերը եւ հայտարարել է հետաքննությանը մասնակցելու պատրաստակամության մասին։

Իսկ Անգլիայի հետաքննիչներն այս պահին զբաղված են թունավոր նյութի բաղադրությունը պարզելու աշխատանքներով։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: