Ինչ տուգանքներ են սպառնում Հայաստանում անօրինական ապրող օտարերկրացիներին

Mar 08, 2018 Comments Off on Ինչ տուգանքներ են սպառնում Հայաստանում անօրինական ապրող օտարերկրացիներին

Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Հայաստանում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի ապրող օտարերկրացիներին նախազգուշացնում է, որ նրանք կարող են տուգանվել: Ֆեյսբուք սոցիալական ցանցում Բիչախչյանը գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված է 50 000-100 000 դրամ տուգանք այն օտարերկրացիների համար, ովքեր Հայաստանում բնակվում են առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի։«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սանկցիան հարաբերական որոշակի է, այսինքն նշված է նվազագույն և առավելագույն սահմանը, և օրենքով այլ չափորոշիչներ սահմանված չեն հարաբերական որոշակի սանկցիայի սահմաններում կոնկրետ դեպքով տուգանքի չափը որոշելու համար, ԱՎՎ պետի հրամանով հստակ սահմանվել են չափորոշիչները։ Այն հնարավորություն է ընձեռում միատեսակ վարչարարություն կիրառելու համար, ինչպես նաև զերծ է պահում կոռուպցիոն ռիսկերից»,- գրել է նա:
Այսպիսով, ըստ Բիչախչյանի, մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վերը նշված օրենքի 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում տուգանք է նշանակվում 50 000 ՀՀ դրամի չափով։ Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում, եթե օտարերկրացին օրինական բնակության ժամկետի ավարտից հետո ՀՀ-ում գտնվել է՝ մինչև 30 օր, տուգանքը կազմում է 60 000 դրամ, 31 օրից մինչև 60 օր՝ 70 000, 61-ից մինչև 90 օր՝ 80 000, 91-ից մինչև 120 օր՝90.000, 121 օրից ավելի դեպքում՝100.000 դրամ։
Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ թույլ տալու դեպքում օտարերկրացին տուգանվում է 100 000 դրամի չափով։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: