Փրկության ճակատն առաջ է անցնում Ելք-ից

Mar 10, 2018 Comments Off on Փրկության ճակատն առաջ է անցնում Ելք-ից

Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Հայաստանի փրկության ճակատը շաբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք կանի։ Սկիզբը նշանակված է ժամը հինգին, հանրահավաքի օրակարգը պայքարն է իշխանությունների դեմ, մասնավորապես, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու, որը ճակատի ակտիվ ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի խոսքով՝ իշխանության հավերժացմանն է տանելու։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության գործընթացը կասեցնելու ուղղությամբ քայլեր է նախաձեռնում նաեւ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Խմբակցությունը դեռեւս վերջնական որոշում չունի, սական Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է գործուղվել Ազատության հրապարակ։ «Պետք է կանխել այդ գործընթացը՝ հանուն ինքնիշխան, իսկապես անկախ երկրի» մեզ հետ զրույցում ասաց Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ Փրկության ճակատը կոչ է արել ընդդիմադիր բոլոր ուժերին համատեղ ուժերով պայքարել այդ գործընթացի դեմ, սակայն մինչ օրս դեռեւս պատասխան չեն ստացել։

-Պարոն Ենիգոմշյան, Ձեր կարծիքով ընդդիմադիր դաշտը կմիատեղվի այս խնդրի շուրջ, թե ամբիցիաները կգերակշռեն եւ առանձին-առանձին պայքար կմղվի։

-Համենայն դեպս մենք հայտարարել ենք, որ բաց ենք ու շարունակում ենք որպես այդպիսին հանդես գալ։ Մենք կոչ ենք անում քաղաքական եւ քաղաքացիական ուժերին առանցքային հարցերի շուրջ դրսեւորել միասնականություն։ Մեր բոլոր ուժերը պետք է մեկտեղենք ապրիլին սպասվող գործընթացների դեմ եւ ոչ միայն, ավելին մեր ուժերը պետք է վերակազմակերպենք ավելի երկարաժամկետ պայքարի համար։ Եթե հաջողվի կանգնեցնել վարչապետության գործընթացը, ավելի լավ, եթե ոչ, չի նշանակում, որ պետք է թեւաթափ լինենք, հարկավոր է շարունակել։

-Ինչ մեխանիզմներ եք մտածել, որոնք չեն տանի պարտության, որոնք կստիպեն հիասթափված ժողովրդին հրապարակ դուրս բերել։

-Գլխավոր մեխանիզմը ժողովրդի մասնակցությունն է, եթե ժողովուրդը զգա, որ իրենք անելիք ունեն եւ հասկանա, որ դա մի օրում լինելու բան չէ, պետք է խմորվի, շարունակվեն ու կենդանի պրոցես լինի։ Իսկ եթե եղավ կենդանի պրոցես, հիասթափվելու հավանականությունը քիչ կլինի։ Այսինքն պետք է լինի ոչ թե մի տեղից հստակ թելադրանք, որ այսպես պետք է անեն ու վերջ, այլ բոլորի մասնակցությամբ որոշվի օրակարգը, ժողովուրդն իր միջից ձեւավորի իր ղեկավարությունը։ Վերջին մեկ տարում մենք պայքարի տեղատվության դաշտում ենք եղել, անհրաժեշտ է վերջ տալ այդ տեղատվությանը եւ դեպի վերեւ թափ հավաքել։ Ժողովուրդը պետք է հավատա դրան, նախաձեռնողները պետք է կարողանան դա ներշնչել ժողովրդին։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: