Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ընդդիմության առաջարկը

Mar 08, 2018 Comments Off on Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ընդդիմության առաջարկը

Սերբիայի խորհրդարանը մերժեց ընդդիմությանը առաջարկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Վերջին տասնամյակում նման առաջարկներ մի քանի անգամ ներկայացվել են սերբական խորհրդարանում, սակայն դրանք մշտապես մերժվել են, հաղորդում է «Ազատություն»ռադիոկայանի բալկանյան ծառայությունը:

Օսմանյան Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը այս անգամ ներկայացրել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվկովիչը, ով ներկայումս գլխավորում է «Նոր կուսակցություն» քաղաքական ուժը: «Ազատության» սերբական ծառայության հետ զրույցում Զիվկովիչը կարևորել է այդ հարցում պաշտոնական Բելգրադի դիրքորոշումը հստակեցնելը՝ հիշեցնելով, որ 20-րդ դարի ամենամեծ այդ ողբերգությունը ճանաչել են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ամերիկյան նահանգների մեծամասնությունը:

Շուրջ 7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիան, որը նույնպես անցած դարասկզբին գտնվում էր Օսմանյան կայսրությունում, սակավաթիվ հայ համայնք ունեցող երկրներից է. տարբեր գնահատականներով՝ այստեղ բնակվում է մինչև 300 հայ:

Չնայած այդ հանգամանքին՝ Սերբիայի նախագահը մեկն էր այն օտարերկրյա առաջնորդներից, ովքեր 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: «Չէինք կարող հանդգնել այստեղ չլինել, մեզ համար չգալու տարբերակը չկար»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել էր Սերբիայի այժմ արդեն նախկին նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: «Ինչպե՞ս կարող ենք մենք այսօր այստեղ չլինել և ինչպե՞ս կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակին, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը, ինչպե՞ս չսովորենք ճշմարտության այն դասերը, որոնք մարդկությունը դասավանդել է և ավանդել է դեռ վաղուց»,-ասել էր նա:

Ինչո՞ւ է սերբական խորհրդարանը խուսափում պաշտոնապես որպես ցեղասպանություն ճանաչել 1915-ի իրադարձությունները: Նախկին Հարավսլավիայի արտգործնախարարի նախկին օգնական Ալեքսանդրա Յոսկիմովիչի կարծիքով՝ Սերբիայի համար վաղ է նման հարցերով զբաղվելը: «Սերբիան ավելի հրատապ հարցեր ունի կարգավորելու, նախ և առաջ՝ Եվրամիությանը ապագա անդամակցության հետ կապված»,-ասել է սերբ դիվանագետը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: