70 միլիոն դոլարի օգնություն կտրաբադրե՞ն Արցախին եւ Հայաստանին

Mar 08, 2018 Comments Off on 70 միլիոն դոլարի օգնություն կտրաբադրե՞ն Արցախին եւ Հայաստանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նամակը, որը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին եւ հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախի եւ Հայաստանի համար 70 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Ֆրենկ Փալոնին եւ Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավար կազմում նրա գործընկերներին Արցախին եւ Հայաստանին ուղղված օգնության փաթեթի հարցում Ներկայացուցիչների պալատի իրենց գործընկերների աջակցությունը խնդրելու համար»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, գրում է «Արմենպրես»-ը:

Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքականության առաջնահերթությունները համապատասխանում են անցած ամիս արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացրած նամակով առաջարկված օգնության ծավալներին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել 2019 ֆինանսական տարվա համար արտաքին օգնության մասին օրենքի նախագծի մշակմամբ զբաղվող հանձնաժողովին, որում նշվում է Հայաստանին եւ Արցախին 70 միլիոն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին:

Հանձնախումբը, մասնավորապես, 6 միլիոն դոլար է խնդրել տրամադրել Արցախին՝ ականազերծման եւ հաշմանդամների օգնության համար, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, ինչպես նաեւ 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն, 10 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն, 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արեւելքից փախստականների ընդունման համար օգնություն: Հանձնախումբը խնդրել է նաեւ ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: