«Պատերազմի սպառնալիքը դիվանագիտության ավանդական գործիք է»

Mar 08, 2018 Comments Off on «Պատերազմի սպառնալիքը դիվանագիտության ավանդական գործիք է»

«168 ժամ» թերթը գրում է. «Երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետևյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների վերջերս հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողերը»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Իլհամ Ալիևը:

Նրա այս հայտարարությանը հաջորդել էր Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտության գոտում պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի:

Նախ խոսելով Ալիևի պատմական տարածքային հավակնությունների մասին` Մեթյու Բրայզան փորձեց բացատրել, թե ինչ է, ամենայն հավանականությամբ, նկատի ունեցել Ադրբեջանի նախագահը:

Մեթյու Բրայզայի խոսքով՝ այդ հայտարարություններն արտացոլում են Ռուսաստանի կայսրության կազմում Երևան գուբերնիայի (մարզ) հիշողությունը, որը ձևավորվել էր 19-րդ դարի կեսերին:

«Իմ ընկալումն այն է, որ մինչ Երևան գուբերնիայի բնակիչների մեծամասնությունը հայեր էին, որոշ շրջաններ, այդ թվում՝ ինքնին Երևանը, ուներ ադրբեջանական մեծամասնություն՝ համաձայն 1897 թվականի Ռուսական կայսրության մարդահամարի արդյունքների: Այնուամենայնիվ, երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետևյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»,- ասաց Մեթյու Բրայզան:

Անդրադառնալով Հասանովի հայտարարությանն ու այս փուլում ադրբեջանական կողմից պատերազմ սկսելու մասին խոսակցություններին` դիվանագետն ասաց, որ հավանական չէ, որ ադրբեջանական կողմը նոր պատերազմ նախաձեռնի, հատկապես, երբ նախագահական ընտրություններն են մոտենում:

«Միևնույն ժամանակ՝ չգիտեմ, թե Պաշտպանության նախարար Հասանովն ինչ է ունեցել մտքին՝ անելով հայտարարություն, որը Դուք եք մեջբերում: Ճիշտ է, որ ռազմական հակամարտությունը կարող է բռնկվել ցանկացած պահի շփման գծում:

Միևնույն ժամանակ՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը կպահանջի էական ժամանակ և ջանքեր՝ տեղաշարժելու համար ծանր սպառազինությունն ու զորքերի մեծ քանակը նախատեսված վայր: Պատերազմի սպառնալիքը, այնուամենայնիվ, դիվանագիտության ավանդական գործիք է, ինչն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ հիշեցնում է Հարավային Կորեայի կոնտեքստում»,- ասաց Մեթյու Բրայզան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: