Թուրքիայի մեջ կարող եք ճնշում գործադրել, բայց 12 միլիոն հայ տեր է պատրիարքարանին. Փայլան

Mar 08, 2018 Comments Off on Թուրքիայի մեջ կարող եք ճնշում գործադրել, բայց 12 միլիոն հայ տեր է պատրիարքարանին. Փայլան

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը կրկին բարձրացրել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության հարցը ու հայտարարել, որ պատրիարքարանը հայտնվել է պատանդի կարգավիճակում, փոխանցում է Asbarez-ը:

«Պետության հետ մոտ կապեր ունեցող մեկը գրավել է Պոլսի Հայոց պատրիարքարանի փոխանորդի պաշտոնը, այսինքն՝ պետությունն իշխանական վերահսկիչ է նշանակել: Դուք կարող եք Թուրքիայի մեջ նման ճնշում բանեցնել հայերի նկատմամբ, սակայն աշխարհում 12 միլիոն հայ կա ու գրեթե բոլորը տեր են կանգնում մեր պատրիարքարանին, սակայն այժմ այն պատանդի կարգավիճակում է»,- ասել է Փայլանը:

Հայազգի պատգամավորը նաեւ նշել է, որ իրականությունն այն է, որ Աթեշյանին հայերը չեն հարգում, այս քաոսից դուրս գալու միակ  լուծումը քվեատուփն է՝ ընտրությունը. «Կազմակերպեք ի վերջո այդ ընտրությունն ու մենք կլուծենք հայ համայնքի ու Թուրքիայի համար տագնապալի այս հարցը: Այս մարդը չի կարող տարիներ շարունակ մնալ որպես փոխանորդ՝ պարզապես ոչինչ չանելով»:

Փայլանը նաեւ հայտնել է, որ այս հարցի շուրջ զրուցել է նաեւ Թուրքիայի վարչապետի հետ ու հարցրել նրան՝ արդյո՞ք ձեռնտու է անկառավարելի դարձած պոլսահայ համայնք ունենալը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: