Հայ օջախի ամրության անսասան հենասյունը. Տարոն Մարգարյան

Mar 08, 2018 Comments Off on Հայ օջախի ամրության անսասան հենասյունը. Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ: Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:
Կասկածից վեր է, որ այսօր անկեղծ բարեմաղթանքների եւ գնահատանքի, ջերմ վերաբերմունքի եւ ուշադրության պակաս չեք ունենա, ինչին, անշուշտ, արժանի եք, ոչ միայն տոնական, այլեւ տարվա բոլոր օրերին: Եվ սա զուտ խոսքեր չեն, քանզի դարեր շարունակ հայ կինը եղել ու շարունակում է մնալ ավանդական հայ ընտանիքի համերաշխության եւ ավանդապահ հայ օջախի ամրության անսասան հենասյունը:

Ձեր փխրուն ուսերին կրելով ընտանեկան առօրյա հոգսերն ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը՝ բազմիցս նաեւ ապացուցել եք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ եք զենք բռնելու, ձեր ամուսինների, եղբայրների եւ որդիների հետ կողք կողքի:

Անմնացորդ նվիրումով, սրտացավ եւ անձնվեր աշխատանքով ձեր կարեւոր ներդրումն եք ունենում նաեւ մեր երկրի եւ քաղաքամայր Երեւանի զարգացման ու շենացման շնորհակալ գործում, այն հաստատուն համոզումով, որ գալիք սերունդներին հզոր եւ կայացած երկիր փոխանցելը միասնաբար ենք հաջողելու: Ու ես վստա՛հ եմ, որ հաջողելու ենք, քանզի մեր պետության կորիզը հանդիսացող հայ ընտանիքը հենց ձե՛ր շնորհիվ է շարունակում մնալ ավանդապաշտ ու կայուն, դրան զուգահեռ նաեւ ժամանակի ոգին ընկալող ու ապագային միտված:

Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր, մեկ անգամ եւս շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, քաջառողջություն, բարեկեցություն, սեր եւ երջանկություն եմ մաղթում ձեզ եւ ձեր ընտանիքներին: Թող որ միշտ շրջապատված լինեք ձեզ սիրող ու գնահատող հարազատների եւ ընկերների հոգատարությամբ եւ ջերմությամբ, ու յուրաքանչյուր լուսաբաց թող լինի միայն երջանկության, ներդաշնակության սկիզբ՝ ողջ օրվա համար»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: