Սերժ Սարգսյանը վերջին պահին անակնկա՞լ կմատուցի

Mar 08, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը վերջին պահին անակնկա՞լ կմատուցի

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է. Հայաստանում խոր համոզմունք է ձեւավորվել, որ ՀՀԿ կուսակցության վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: Սրա համար կան բոլոր հիմքերը՝ սկսած նրանից, որ նոր վարչապետի համար ստեղծվել են սուպերլիդերության բոլոր նախապայմանները, վերջացրած տարբեր ռանգի ՀՀԿ-ականների հայտարարություններով, որ իրենց համար միակ թեկնածուն իրենց կուսակցության առաջնորդն է: Ընդդիմությունը, քաղաքագետներն ու վերլուծաբանները սույն հանգամանքները գնահատում են հետեւյալ կերպ՝ Սերժ Սարգսյանն իրենից բացի ուրիշ ոչ մեկին նման լայն լիազորություններով եւ իշխանությամբ չէր օժտի: Բացի այդ, ՀՀԿ փոխնախագահները, խմբակցության ղեկավարը, խոսնակը, մի շարք այլ կարկառուն ՀՀԿ-ականներ չէին շտապի մեկը մյուսին հերթ չտալով՝ դիֆերամբներ ձոնել Սերժ Սարգսյանի հասցեին: Արդեն երկար ժամանակ է, իսկապես, ՀՀԿ-ականները կարծես մրցավազքի մեջ լինեն, թե ով ավելի համոզիչ կհիմնավորի, թե ինչու պետք է հաջորդ վարչապետը հենց Սերժ Սարգսյանը լինի: Ու քանի որ դա ասում են նաեւ այն մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի հետ անմիջական շփման մեջ են, ասել է, թե նաեւ ինֆորմացիայի կրող, համոզմունքը, որ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն, էլ ավելի է ամրապնդվում:

Եվ այնուամենայնիվ, գոյության իրավունք ունեն նաեւ այլ վարկածներ: Օրինակ, որ վերջին պահին Սերժ Սարգսյանը հայտարարի, որ ինքն արդեն մեկ անգամ ասել է, որ չի հավակնի վարչապետի պաշտոնին, ասել է նաեւ, որ իր կարծիքով նույն մարդը երկու անգամից ավելի չպետք է հավակնի պետության ղեկավարի պաշտոնին, եւ նշի, որ իր այդ համոզմունքը դեռ ուժի մեջ է, հիմա էլ ինքը գտնում է, որ նույն մարդը երրորդ անգամ չպետք է ղեկավարի պետությունը, ուստի ինքը վարչապետի պաշտոնում առաջադրում է այլ թեկնածուի:

Հնարավո՞ր է նման սցենար: Գոնե առայժմ, իհարկե, հնարավոր է: Իսկ արդյո՞ք սպասելի է, որ Սերժ Սարգսյանը նման բան կանի. կարծում ենք՝ այո: Ավելին, դա ոչ միայն սպասելի է, այլեւ լիովին համապատասխանում է Սարգսյանի ոճին: Հարց է առաջանում, այդ դեպքում ինչի համար են ՀՀԿ-ականների դիֆերամբները, ինչու են նրանք անընդհատ ակնարկում, որ վարչապետի թեկնածուն լինելու է Սարգսյանը, չեն մտածում, որ կարող են անհարմար վիճակի մեջ հայտնվել, եթե վերջում պարզվի, որ այդպես չէ: Պատմությունը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ականներն իրենց խոսքի արժեքն այնքան էլ բարձր չեն գնահատում եւ խստապահանջ չեն իրենց ասած բառերի նկատմամբ: Նրանք հեշտությամբ Սերժ Սարգսյանի մի խոսքով կարող են հարձակվել, օրինակ, Գագիկ Ծառուկյանի վրա, ամենավերջին բառերն ասել նրա հասցեին, հետո կրկին Սերժ Սարգսյանի մի խոսքով հետ վերցնել իրենց խոսքը, նորից գովերգել Ծառուկյանին եւ այլն:

Ի տարբերություն Ծառուկյանի հետ կատարվածի, հիմա ՀՀԿ-ականներն ուղղակի իրենց անձնական ցանկությունն են հայտնում, որ կուզենային երկրի վարչապետի պաշտոնում տեսնել Սերժ Սարգսյանին: Եթե Սերժ Սարգսյանը հիմնավորի, թե ինչու ինքը չի ուզում լինել վարչապետ, նրանք, բնականաբար, մեծ ակնածանքով կընդունեն այդ հիմնավորումները, հիմա էլ կսկսեն ասել, թե ինչ պետական մտածելակերպ ունի Սարգսյանը, որ չգնաց երրորդ անգամ երկրի ղեկավար դառնալու քայլին: Մյուս կողմից, այս օրերի դիֆերամբները ՀՀԿ-ի ներսում եւ արտաքին աշխարհում բարձրացնում են Սարգսյանի դիրքերը, շեշտում նրա անփոխարինելիությունն ու մնացած բոլոր հատկանիշները, իսկ դա կարեւոր է ՀՀԿ շարքերում դիրքերի էլ ամրապնդման համար, որպես կուսակցության առաջնորդ: Եվ եթե այսքանից հետո իշխող ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինի որեւէ այլ անձ, նա, ըստ էության, պետք է վարչապետ աշխատի ՀՀԿ նախագահ՝ մեծ մտածող, Շարլ դը Գոլին եւ Ուինսթոն Չերչիլին հավասարազոր պետական գործիչ, Հայաստանի անվտանգության եւ մյուս բոլոր մարտահրավերների դիմակայման միակ երաշխավոր Սերժ Սարգսյանի մոտ:

Այս ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնի համար երեք անուն է շրջանառվել. Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյան եւ Վիգեն Սարգսյան: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ինքը ցանկություն ունի շարունակել պաշտոնավարել, Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ ինքը ցանկություն չունի վարչապետ դառնալ եւ շնորհակալ կլինի, որ իրեն հնարավորություն տան շարունակել ՊՆ-ում իր սկսած գործը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մի մարդը երրորդ անգամ չպետք է երկրի ղեկավար լինի, իսկ թե ինքը որ ոլորտում ինչով կարող է օգտակար լինել պետությանը՝ դեռ կորոշի: Կարեն Կարապետյանի հետ ամեն ինչ, թերեւս պարզ է, նրա ցանկությունն այլեւս ոչինչ չի նշանակում, իսկ ահա Վիգեն Սարգսյանը չի կարող հրաժարվել վարչապետի պաշտոնից, եթե Սերժ Սարգսյանն ու կուսակցությունը նման որոշում կայացնեն: Պաշտպանության նախարարի պաշտոնն այս առումով ընդամենը տրամպլինի դեր կունենա Վիգեն Սարգսյանի համար դեպի վարչապետի պաշտոն տանող ճանապարհին:

 

Նյութն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: