Արամ Հարությունյանը հացադուլ է հայտարարելու

Mar 08, 2018 Comments Off on Արամ Հարությունյանը հացադուլ է հայտարարելու

Հրապարակ օրաթերթը գրում է.«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն ապրիլի 9-ից հացադուլ կսկսի։ Այդ օրը լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ուստի նա իր հացադուլով փորձելու է ահազանգ հնչեցնել բոլոր քաղաքական ուժերին եւ ժողովրդին՝ դուրս գալ փողոց, ընդվզել ու թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։

«Ինչպես հայտնի է, ապրիլի 7-17-ը Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոն չի զբաղեցնելու, դա վարչապետի թեկնածություն առաջադրելու ժամանակահատվածն է, այսինքն՝ Սերժ Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահ է տանելու։ Դա բացառիկ դեպք է, երբ իշխանության կրողն իշխանության մեջ չէ, ուրիշ խնդիր է, որ շատ պաշտոններում իր դրած մարդիկ են»,- ասում է նա ու ընդգծում, որ իշխանության ներսում մտահոգություն կա, այդ պատճառով էլ վարչապետի ընտրության օրը մայիսից տեղափոխվեց ապրիլի 17։ Ինչո՞ւ է վստահ, որ իր քայլը պետք է արձագանք ստանա։ «Ես համարում եմ, որ դա ճիշտ քայլ է, այսօր իշխանափոխության խնդիր կա»։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել է նման գործընթաց սկսելու մտադրության մասին։ Խոսե՞լ է Հարությունյանը Փաշինյանի հետ։ «Ոչ, չեմ խոսել, բայց կարծում եմ, որ Փաշինյանն էլ կարող է ԱԺ ընդմիջումների ժամանակ գալ Ազատության հրապարակ, եթե ուզում է ժողովրդին առաջնորդել»։ Նա հիշեցնում է, որ «Ելք»-ն ընդունել է ԱԺ ընտրությունների արդյունքները, եւ խմբակցությունը կարող է նաեւ վարչապետի թեկնածու առաջադրել։ Ինչքա՞ն կմնաք հացադուլի մեջ։«Երեւի մինչեւ ապրիլի 16-ը, երբ տեսանելի կլինի, թե ինչ է լինում»։ Հիշեցնենք, որ Հարությունյանը 2013-ին էլ է մեկօրյա հացադուլ արել, որից հետո հանել է նախագահի իր թեկնածությունը, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, Սերժ Սարգսյանը մնա միայնակ։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: