Սեւ ակնոց չենք հագնում

Mar 08, 2018 Comments Off on Սեւ ակնոց չենք հագնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Ազիզյան, ԲՀԿ-ում Դուք «սպիտակ ագռավի» կարգավիճակ ունեք` անում եք այն, ինչ Ձեզ պետք է: «Չհասկացա` ինչ ե՞մ»: Դե` էն անգամ ֆրակցիայից տարբերվող քվեարկություն արեցիք։ «Դուք հետո լսե՞լ եք, որ ասել եմ` մատս ա կպել, պատահական ա եղել»:

Հասկացանք, իսկ Ձեզ համար ո՞վ է ցանկալի վարչապետը։ «Կուզենամ լինի այն մարդը, որը լավ գիտի, թե ինչ է կատարվում սահմաններում, ինձ համար ամենակարեւորը մեր պաշտպանունակության եւ անվտանգության հարցերն են»:

Երեւի նկատի ունենք Սերժ Սարգսյանին. ինչո՞ւ անունը չեք տալիս։ «Սադրո՞ւմ եք ինձ. չեք կարող սադրել, բայց եթե շատ ուզում եք` սադրեք։ Ես ասում եմ` ով բարձրացրել է մեր բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, նա էլ պետք է դառնա վարչապետ»: Անո՛ւնը:

«Դա ըտենց հարց չի, որ ասեմ` ով. կուրս կա, ծրագիր կա, բարոյահոգեբանական մթնոլորտն ո՞վ է ստեղծում բանակում այսօր»: Ո՞վ է ստեղծում: «Երեւի նախագահը` ո՞վ»: Անո՛ւնը:

«Մեր նախագահի անունը չգիտե՞ս»: Գիտեմ` Արմեն Սարգսյան: «Սադրո՜ւմ ես. ճիշտ ես անում, բայց ես խոսում եմ այսօր եղող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, դուք էլ գիտեք, որ հայոց բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում»:

Լավ, հասկացա՝ Սերժ Սարգսյանին նկատի ունեք. ԲՀԿ ֆրակցիան է՞լ է էդպես մտածում, բա դուք ընդդիմադիր չե՞ք: «Բա իհարկե ընդդիմադիր ենք, բայց, ի տարբերություն ձեր մտածելակերպի, որ եթե մարդն ընդդիմադիր ա, պետք է սեւ ակնոցներ հագնի ու փնովի, մենք սեւ ակնոց չենք հագնում»,- ասաց Նապոլեոն Ազիզյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: