Սերժ Սարգսյանը պիտի սաստեր, նախատեր կամ էլ գովաբաներ

Mar 09, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը պիտի սաստեր, նախատեր կամ էլ գովաբաներ

ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, չի անդրադարձել վարչապետի թեկնածության հարցին: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական հարցեր:

«ՀՀԿ-ն չի պատրաստվում մինչեւ ապրիլ ամիս քննարկել վարչապետի, փոխվարչապետի թեկնածուների հարցեր: Կուսակցությունը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացու կարծիքը, վարչապետի պաշտոնում կառաջադրի այն անձին, որը կարող է կատարել սահմանադրական պահանջը: Մենք չենք դանդաղում, դուք եք շտապում»,- ասել է Շարմազանովը: Նրա խոսքով` մինչեւ ապրիլի 9-ը պետք է ընդունեն համապատասխան մի շարք օրենքներ, որոնք անհրաժեշտ են կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցնելու համար. «Խոսել ենք մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին, ՀՀԿ-ն բոլոր համայնքերում առաջադրել է թեկնածուներ: Հիմնական մրցակցությունը լինելու է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Հարկ եմ համարում ասել, որ ակտիվ է միայն ՀՀԿ-ն, թեկնածուներ չունի ժողովրդավարությունից խոսող ընդդիմությունը»,- նշել է Շարմազանովը:

Փաստորեն Սերժ Սարգսյանը չի շտապում, թեպետ ՀՀԿ-ում շտապողականություն նկատվում է: Արդեն մի քանի տարբեր «ռանգի ու կալիբրի» ՀՀԿ-ականներ հայտարարել են, որ որպես վարչապետի թեկնածու` Սերժ Սարգսյանը միակ և լավագույն տարբերակն է, և իրենք թիմով միասնաբար կորոշեն ու կառաջադրեն` բնականաբար միայն ու միայն Սերժ Սարգսյանը: Նման հայտարարություն արել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Այս մասին խոսել է նաև գեներալ Մանվել Գրիգորյանը` նորից պնդելով, որ բացի Սերժ Սարգսյանից` այլ անուն չի տեսնում ապագա վարչապետի պաշտոնում: Բոլորը, ովքեր անդրադարձել են ապագա վարչապետի հարցին, անձնական ցանկություն են հայտնել, որ կուզեին հենց Սերժ Սարգսյանին տեսնել վարչապետ: Ինքը` Շարմազանովը, նույնպես արտահայտվել է ապագա վարչապետի պաշոտնում Սերժ Սարգսյանին առաջադրելու իր մեծ ցանկության մասին: Նա նույնիսկ հիմնավորել է, թե 2014-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը` վարչապետ, նախագահ կամ ԱԺ նախագահ դառնալու ցանկություն չունենալու մասին, հիմք չէ, որ ՀՀԿ-ն որպես վարչապետ այսօր կանգ չառնի Սերժ Սարգսյանի թեկնածության վրա: Հետաքրքիր է, եթե ՀՀԿ-ում վարչապետի թեկնածության հարց դեռ չի քննարկվել, ՀՀԿ-ականները ինչու են այսքան ոգևորված նրա անունը հրապարակում: Ավելին` եղել են պնդումներ, որ Սերժ Սարգսյանին առաջադրելի ՀՀԿ-ի քաղաքական թիմի ցանկությունն է: Բայց եթե թիմը այս հարցը չի քննարկել, այդ ցանկությունը ինչպես է առաջացել: Գուցե ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանից թաքուն մի տեղ հավաքվել են ու պայմանավորվել, որ պիտի նրա անունը հնչեցնեն: Կարող էր նաև այդպես լինել, բայց այդ դեպքում Սերժ Սարգսյանը գոնե պիտի սաստեր, նախատեր կամ էլ գովաբաներ թիմակիցներին, կուսակցության քաղաքական որոշման կայացումից առաջ հրապարակավ նման պատասխանատու հայտարարություններ անելու համար:

 

Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: