Սերժ Սարգսյանի ընտրությունն ու ճաշակը

Mar 08, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանի ընտրությունն ու ճաշակը

Քաղաքական սերնդափոխության խնդիրը, որն ինչ խոսք հասունացած է, Սերժ Սարգսյանը փորձում է լուծել դրսից հրավիրված գործիչների միջոցով: Նախ Մոսկվայից Կարեն Կարապետյանին, ապա Լոնդոնից Արմեն Սարգսյանին Երևան հրավիրելով և իշխանական լուրջ լծակներ վստահելով` նա կարծես թե մտադիր է նախ և առաջ քաղաքական նոր մշակույթ ձևավորել, որը որպես հետևանք պետք է դրական հետևանք ունենար նաև կառավարման համակարգում:

Կարեն Կարապետյանի նորաոճ և գեղեցիկ կոստյում-ժիլետները, գունազարդ փողկապները և դրանց համապատասխան կոշիկներն ու  ժամացույցները, նրբաճաշակ, ազատ ու անկաշկանդ ժեստերի հետ միասին տպավորություն էին ստեղծում, թե գործ ունենք ոչ թե դասական իմաստով չինովնիկի, այլ արևմտյան արժեքներով աշխատող ռեֆորմատորի հետ:  Բայց սա միայն առաջին հայացքից ստացած տպավորություն էր, որովհետև աշխատելաոճի մեջ նոր մշակույթի տարրերի ներմուծումը առայժմ տեսանելի են միայն արտաքին նշանների և ոչ թե բովանդակության առումով: Օրինակ` կառավարության նիստի ժամանակ կամ նախարարության աշխատակիցների հետ քննարկման ժամանակ վարչապետը հանում է կոստյումը, երբեմն նաև արձակում է փողկապը: Իսկ ինչ է ասում այդ նույն հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը. «Այո’, ո’չ, չգիտեմ, դմփոց, շանտղություն, էս ինչ պոլիտբյուրե է արա…»:

Հենց միայն բառապաշարը, որն ի դեպ մտածողություն է, ցույց է տալիս, Մոսկվայից եկած մոդայիկ հագուկապով սիրուն տղան իսկական պոլիտբյուրոյի կադր է, որը հիմնարար գործեր և ծրագրեր իրագործելու իրական պոտենցիալ չունի: Այն թռիչքային ծրագիրը, որի կարիքը ուներ Հայաստանը, այդպես էլ չծնվեց, չստեղծվեց նաև բիզնեսի բարելավման համակարգված մեխանիզմ. Հայաստանը ունի ներդրումների կաիք, վարչապետն ստեղծել է ներդրողների ակումբ, մինչդեռ եթե ակումբի փոխարեն մեկ իրական օտարերկրյա խոշոր ներդրումային ծրագիր ապահովվեր, կատարված գործը անհամեմատ ավելի լուրջ կլիներ: Խոսում է պետական համակարգի օպտիմալացման մասին, սակայն ինքը ստեղծում է բյուջեի հաշվին սնվող կառույցներ` բարձր աշխատավարձով և կրկնվող գործառույթներով, օրինակ` Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Սերժ Սարգսյանի հրավիրած հաջորդ խոստումնալից կադրը` Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն  է, ով արդեն ընտրվել է որպես ՀՀ չորրորդ նախագահ: Եվրոպական «մաներաներով», թավշյա ժպիտով նորընտիր նախագահը, պարզվում է, անգամ մոտեցում չունի Ղարաբաղի հարցի, ներքին և արտաքին տարբեր խնդիրների, դատական համակարգի, Մարտի 1-ի, Երևանի քաղաքապետարանում կատարված միջադեպի և էլի շատուշատ կարևոր հարցերի վերաբերյալ: Ձևական կողմը  պահելու համար Արմեն Սարգսյանը, իհարկե, հնարավոր ամեն ինչ արեց. հանդիպումներ ունեցավ հասարակական տարբեր խավերի և շերտերի հետ, գնաց ԵՊՀ, գիտությունների ակադեմիա, այցելեց Ղարաբաղ, անգամ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը հյուր գնաց Գրետա մայրիկին: Այսինքն` ամեն ինչ արվեց ձևի և ՊՌ-ի համար` բովանդակային առումով ոչ մի ծրագիր, զրո մոտեցում հասարակությանը և քաղաքացուն հուզող հարցերին, այն դեպքում, երբ նախագահը ի պաշտոնե սահմանադրության երաշխավորն է:

Այս տեսանկյունից դրսից հրավիրված այս երկու գործիչները` Կարեն Կարապետյանն ու Արմեն Սարգսյանը, ընդգծված նմանություններ ունեն. ասում են, թե երկուսն էլ հաջողակ գործարար են եղել. բայց ինչ են արել` մեկը «Գազպրոմի» Հայաստան մտնող «վինտիլն» է հսկել, մյուսն էլ հաջողել է միջնորդական բիզնեսում: Այլ բան է, երբ մարդը 0-ից բիզնես է հիմնում և կայացնում, բոլորովին այլ բան, երբ միջնորդում է, որ որևէ լուրջ ընկերություն հետաքրքրվի Հայաստանով: Հաջողակ միջնորդ կամ գազի փականի տնօրինող լինելը ոչ մի չափանիշով լուրջ բիզնես չի կարող համարվել: Այս ճանապարհն անցած գործիչները գործ անելու ժամանակ միանգամից զանգ կախող են փնտրում: Գոնե խելքը գլխին ճառ ասող լինեին:

 

Արման  Վարդանյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: