Հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են խորանալ բոլոր ուղղություններով. Նալբանդյանը՝ Լիոնի հայ քաղաքապետին

Mar 07, 2018 Comments Off on Հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են խորանալ բոլոր ուղղություններով. Նալբանդյանը՝ Լիոնի հայ քաղաքապետին

Հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են խորանալ ու ամրապնդվել բոլոր ուղղություններով: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը ողջունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Երևան և գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ քաղաքապետ Կեպենեկյանի անձնական ներդրումը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ Լիոնը պատրաստ է գործնական ծրագրերի միջոցով նոր էջ բացելու Երևանի և Լիոնի միջև տնտեսական, կրթական, մշակութային ոլորտում, նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման և ամրապնդման համար:

Քաղաքապետ Կեպենեկյանը արտգործնախարարին ներկայացրել է իր հագեցած այցի արդյունքները՝ անդրադառնալով մասնավորապես Լիոնի և Երևանի միջև ստորագրված գործընկերության նոր համաձայնագրին, Թումո Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Հայաստանում ֆրանսիական համալսարանում հանդիպումներին և դրանց արդյունքում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

Լիոնի քաղաքապետը տեղեկացրել է, որ իր պատվիրակության կազմում են գործարար շրջանակների, կրթօջախների, գրադարանների, թանգարանների, տուրիզմի պատասխանատուներ, ովքեր հանդիպումներ են ունեցել և փոխգործակցության վերաբերյալ արդյունավետ քննարկումներ ունեցել իրենց գործընկերների հետ։

Կողմերն անդրադարձ են կատարել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը՝ կարևորելով այդ ձևաչափի շրջանակներում փոխգործակցության վերընթաց զարգացումը։

Նախարար Նալբանդյանը և քաղաքապետ Կեպենեկյանն արձանագրել են, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակում են խորանալ ու ամրապնդվել բոլոր ուղղություններով, որի վառ ապացույցն են երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական ակտիվ համագործակցությունը, Հայաստանում ֆրանսիական ներդրումների խրախուսմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լիոնի քաղաքապետը կարևորել են ֆրանսահայ համայնքի արժեքավոր դերակատարությունը՝ երկու երկրների բարեկամության ամրապնդման և երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունների տեսանկյունից։

Նախարար Նալբանդյանը և քաղաքապետ Կեպենեկյանը մտքեր են փոխանակել 2018թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։

Մանրամասն քննարկվել են Լիոնի ներկայացուցիչների մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումի և Ֆրանկոֆոնիայի ավանի միջոցառումներին:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: