Արտաքին գործերի նախարարությունը խուսափեց

Mar 07, 2018 Comments Off on Արտաքին գործերի նախարարությունը խուսափեց

2018 թվականի հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելելու կապակցությամբ՝ Զարուհի Փոստանջյանը հստակ և իրավական պարզաբանումներ տրամադրելու պահանջով գրավոր դիմել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին:

Դեպքից շուրջ տասն օր անց միայն՝ սույն թվականի փետրվարի 1-ին, ստացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը՝ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ստորագրությամբ առ այն, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարական է ուղարկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն, որի պատասխանը ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնեն:

Փետրվարի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, հղում անելով Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից փոխանցված ինչ-որ գրության, հայտնել է, որ սահմանային անցակետում արտասահմանցիների ստուգումն իրականացվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումը, որն իրավասու է ստուգման արդյունքներով տալ համաձայնություն կամ մերժել արտասահմանցու մուտքը Վրաստան: Հետևաբար, եթե արտասահմանցին ցանկանում է պարզել Վրաստանի պետական սահմանի իր կողմից հատումը մերժելու պատճառները, նա համապատասխան դիմում կից փաստաթղթերով պետք է ներկայացնի Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ վրացերեն կամ անգլերեն լեզվով:

Այս պատասխանն իր բովանդակությամբ փաստացի կրկնում է արտգործնախարարության փետրվարի 1-ի անդեմ պատասխանը, որով, ըստ էության, փորձում են խուսափել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից բարձրացված խնդրի լուծմանը հետամուտ լինելուց և արժանապատիվ արձագանքելուց:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վերոնշյալ հերթապահ պատասխանը կրկին վկայությունն է քաղաքացու իրավունքները արժանապատվորեն պաշտպանելու պարտականությունից խուսափելու:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

07 մարտի 2018

Երևան

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: