Դին հայտնաբերվեց աղբանոցում (տեսանյութ)

Mar 07, 2018 Comments Off on Դին հայտնաբերվեց աղբանոցում (տեսանյութ)

Մարտի 4-ին՝ ժամը 22-ն անց 45-ի սահմաններում, Գավառի Իսահակյան փողոցում բնակվող 52-ամյա մի կին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում, ամուսինը Գավառի շուկայից դուրս է եկել տուն գալու և չկա։ Կնոջից ամուսնու՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանի, անհետ կորչելու վերաբերյալ հաղորդում ընդունվեց։

Գավառի քրեական հետախույզներն էլ, համագործակցելով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ, սկսեցին անհրաժեշտ որոնողական միջոցառումները՝ անհետ կորածին հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում՝ պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ անհետ կորած համարվող տղամարդն ու նրան փող պարտք Միշա Մխիկյանը քաղաքի հրապարակում տեսնվել են։ Գավառի բնակիչ 49-ամյա Մխիկյանի մեքենայով շարժվել են Սայադյան փողոցի վերջնամաս՝ գերեզմանատան ուղղությամբ։

Հարց ու պատասխանի ընթացքում Մխիկյանը հարվածել է պարտատիրոջը, ապա տարել աղբանոց, այրել ու թաղել։ Գավառի քրեական հետախույզները օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերել են և՛ Միշա Մխիկյանին, և՛ անհետ կորած համարվող Հայրապետ Հերգնյանի դին՝ աղբանոցում։ Հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Միշա Մխիկյանը ձերբակալվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: