Սոցփաթեթի մատուցման նոր կարգի ներդրումից հետո գրեթե 4 հազար թանկարժեք վիրահատություն է անցկացվել

Mar 07, 2018 Comments Off on Սոցփաթեթի մատուցման նոր կարգի ներդրումից հետո գրեթե 4 հազար թանկարժեք վիրահատություն է անցկացվել

Սոցիալական փաթեթի մատուցման նոր կարգով հոկտեմբերից մինչ փետրվար 42284 պետական աշխատող ստացել է 1մլրդ 250 մլն-ի ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը փաստեց, որ նոր մեթոդը կրճատել է բյուրոկրատական գործընթացները, արդարացրել սպասելիքները:
«Այս 5 ամիսներին գերակշռել են սոցփաթեթի շրջանակում կանխարգելիչ ստուգումները՝ 34942: Հատկանշական է, որ ունենք բավական պատկառելի թիվ՝ 3986 վիրահատական միջամտություն, որոնք փոխհատուցվել են ապահովագրական ընկերությունների կողմից: Այդ վիրահատությունների միջին արժեքը կազմում է 250 000 դրամ: Նույնիսկ այդ միջին գումարի պարագայում այն բավականին մեծ բեռ էր պետական ծառայողների համար: Կես միլիոն դրամը գերազանցող վիրահատությունների թիվն անցել է 400-ը, իսկ 1 մլն դրամը՝ մոտ 300-ը: Այսինքն՝ լուծվել է լուրջ սոցիալական խնդիր»,-ասաց Մարգարյանը:
Պետական ծառայողներին սոցփաթեթի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելը նորություն չէր: Հոկտեմբերի 1-ից պարզապես պետական բյուջետային ծրագրից անցում է կատարվել ապահովագրական պայմանագրերի միջոցով այս ծառայությունների կազմակերպմանը:
«Մեր վերջնական նպատակը եղած բյուջետային միջոցներով քաղաքացուն առավելագույն ծառայություն մատուցելն էր: Համակարգի առաջին շոշափելի արդյունքը մարդու ազատ ընտրությունն էր: Եթե նախորդ փաթեթում կային հերթագրման ինստիտուտներ: Սոցիալական փաթեթը տարվա սկզբում բաշխվում էր ինչ-որ սկզբունքներով հիվանդանոցների միջև: Լավ հիվանդանոցում շուտ էին վերջանում տեղերը, կար նաև որոշակի թղթաբանական բյուրոկրատիա: Մենք գույքագրեցինք այդ բոլոր խնդիրները և փորձեցինք հասկանալ, թե մարդու պահանջմունքները բավարարելու համար ինչ քայլեր է պետք անել: Եվ կարծում ենք՝ ստացվեց դա անել: Հիմա պետական ծառայողը գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում, բացի իր անձնագրից կամ էլեկտրոնային քարտից»,-նշեց փոխնախարարը:
Մնացած բյուրոկրատական գործընթացներ տեղի են ունենում էլեկտրոնային առողջապահական համակարգում՝ ապահովագրական ընկերության և հիվանդանոցի միջև: Մարգարյանի կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ մարդը կարող է ազատ ընտրել իր ուզած բուժհիմնարկը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: