Տղամարդու դին հայտնաբերվել է այրված, կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Mar 07, 2018 Comments Off on Տղամարդու դին հայտնաբերվել է այրված, կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Գավառ քաղաքի 54-ամյա բնակչի սպանության շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է:

2018թ. մարտի 4-ին՝ ժամը 22-45-ին, Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ. Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ:

Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում վերջինս հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և գալիս է տուն: Սակայն տուն չի գնացել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել է անհասանելի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում մարտի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Հ. Հերգնյանը նստել է համաքաղաքացու ավտոմեքենան, որից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել։

Պարզվել է համաքաղաքացու ինքնությունը, ստուգվել նրա այլուրեքությունը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վերջինս հարցաքննության ժամանակ պատմել է դեպքի հանգամանքները, և նրա կողմից մատնացույց արված վայրում հայտնաբերվել է տուժողի այրված դին։

Կասկածյալը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: