Իշխանության երերուն հիմքերն ու Ծառուկյան դաշինքի ակնարկը

Mar 08, 2018 Comments Off on Իշխանության երերուն հիմքերն ու Ծառուկյան դաշինքի ակնարկը

Ի հեճուկս Սերժ Սարգսյանի՝ ժամանակին արված հորդորի, ՀՀԿ-ում ոչ բոլորն էն պատասխանատու պահերին խրամատներում մնում։

Այսօր Ազգային ժողովում քվեարկությունների օր էր, արտահերթ նիստում քննարկված նախագծերն էին քվեարկության դրվել, ի տարբերություն սովորական նախագծերի, խնդիր առաջացավ սահմանադրական նախագծի քվեարկության ժամանակ։ Իսկ այդ նախագիծը «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական աղմկահարույց փաթեթն էր, որին դեմ էին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։ «Հանրաքվեի մասին» սահմանադրական նախագծով կարգավորվում են «հանրաքվե» հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը և այն փաստաթղթերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի: Հստակեցվում են հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, հանրաքվեի ամփոփման, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալու մանրամասները:

Հանրաքվեն առանձնացվում է որպես ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձև: Այն նախատեսվում է անցկացնել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Սահմանադրության ընդունման, Սահմանադրության փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների մեկ երրորդը, Կառավարությունը, այլ նաև 200 հազար քաղաքացի:

Նախատեսվեց նաև, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ կարող է ներկայացվել Ազգային ժողով 50 հազար քաղաքացու կողմից, և եթե այդ նախագիծը ԱԺ-ի կողմից չի ընդունվում, ապա 50 հազարին միավորվելով ևս 300 հազար քաղաքացի, նախագիծը դրվում է:Փոփոխություն է կատարվել նաև Հայաստանի` վերպետական կառույցներին անդամակցելու, դրանցից դուրս գալու կարգի մեջ, որի համաձայն` վերպետական կառուցներին ՀՀ անդամակցության հարցերը, ներառյալ նաև` այդ կազմակերպություններին անդամակցությունը դադարեցնելուն, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը դրվում են հանրաքվեի: Ինչեւէ, հայտարարվեց քվեարկություն։

Նիկոլ Փաշինյանը արձագանքեց, որ 61 կողմ ձայնի դեպքում օրենքը չի ընդունվում, ինչին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց, որ գործուղման մեջ գտնվող 3 պատգամավոր գրավոր նշել են, որ իրենց կողմ ձայնը հաշվարկվի, հետեւաբար կողմ ձայների թիվը 64 է: Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ վերջին շարքում բոլորը կողմ են քվեարկել, սակայն ոչ բոլորն են քվեարկության պահին ներկա եղել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նկատեց, որ եթե անգամ 63 կողմ ձայն կա, ապա դա արդեն իսկ ձայների 3/5-րդն է եւ որոշումն ընդունվել է:«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Մի մտածեք, որ լղոզելով անցնելու ա։ Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում։ Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարողանում` մի՛ քվեարկեք»,- նշեց նա։

Ստացվում է, որ ՀՅԴ-ի կոալիցիոն ընկերակցությունը լիովին չի ապահովում ՀՀԿ-ին, ուշագրավ է նաեւ, որ Ծառուկյան դաշինքը խիստ արմատական է դարձրել իր քվեարկությունը, գուցե սա թափանցիկ ակնարկ է ՀՀԿ-ին ՀՅԴ-ին իրենցով փոխարինելու վերաբերյալ։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: