Մի՛ խառնվեք Ղարաբաղի պատերազմին

Mar 09, 2018 Comments Off on Մի՛ խառնվեք Ղարաբաղի պատերազմին

«Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի»,- «ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա-Երևան-Աստանա-Բիշքեկ-Մինսկ տեսակամրջի ընթացքում երեկ ասել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը:

Լրագրողները, հիշեցնելով Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Երևանն ու Զանգեզուրը գրավելու մասին, պարոն Սիդորովից հետաքրքրվել են՝անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը աջակցություն կցուցաբերի՞ Հայաստանին, պարոն Սիդորովը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղը սուբյեկտ է, որը չի մտնում ՀԱՊԿ-ի մեջ, նա ՀԱՊԿ-ի անդամ չէ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հետևաբար բոլոր այն փաստաթղթերն ու համաձայնագրերը, որոնք կան համաձայնագրի մեջ, Հայաստանին ևս վերաբերում են: Պետք է վստահ լինեք, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին վտանգի մեջ չի թողնի, եթե Աստված չանի, որ մի բան տեղի ունենա»:

Գալով Ալիևի հայտարարություններին՝ պարոն Սիդորովն ասել է. «Հույս ունենք, որ ուժը, բանականությունը թույլ չեն տա, որ իրավիճակը հասնի նրան, որ երկու ժողովուրդները, որոնք մի մեծ ընտանիքի անդամ էին՝ մեկ հանրապետության մեջ, իրար ձեռքից մայրաքաղաք խլեն»:

Անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինելու քաղաքականությանը՝ Սիդորովը խորհուրդ է տվել նման հիվանդագին կերպով այդ հարցին չվերաբերվել ու մի համեմատություն արեց. «Պատկերացրեք՝ գնում եք խանութ, կա գրպանում գումար և մտքին ինչ-որ բան գնելու ցանկություն: Եթե ձեզ այս խանութի ապրանքը ձեռք չի տալիս, ապա դուք դա գնում եք կողքի խանութից: Նույնը ռազմական խնդիրներին է վերաբերում: Ադրբեջանը Ռուսաստանից չգնի զենք, կգնի այլ պետությունից»:

Այն, որ ՀԱՊԿ–ն չի օգնի Ղարաբաղում հնարավոր պատերազմի պարագայում՝ դա պարզ է բոլորին: Իսկ, եթե Ռուսաստանը խառնվի՝ ո՞ւմ է աջակցելու՝ ռազմավարական դաշնակից Հայաստանի՞ն, թե՞ ռազմավարական գործընկեր Ադրբեջանին:

Այստեղ հարցը ավելի հիմնավոր է՝ իսկ Ռուսաստանը Հայաստանին աջակցո՞ւմ է: Եթե զինում է Ադրբեջանին հարձակողական զենքով՝ էլ ի՞նչ աջակցության մասին է խոսքը:

Բացի այդ, պատկերացնենք, որ Ղարաբաղում կրկին պատերազմ բռնկվի ու Մոսկվան կանգնի ընտրության առջև: Ի դեպ, 2006 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում էլ 2 օր անց, երբ Ադրբեջանի կորուստներն արդեն ակնհայտ էին՝ Մոսկվան «խառնվեց»: Իհարկե, դա ներկայացվեց, որպես պատերազմը կանխելու քայլ: Բայց, եթե Մոսկվան մշտապես «խառնվելու» է պատերազմում, երբ Ադրբեջանն է «նեղն ընկնելու», ուրեմն, ավելի լավ՝ ընդհանրապես պետք չի, որ Ռուսաստանը խառնվի Ղարաբաղում հնարավոր պատերազմին, որովհետև, եթե Ռուսաստանը խառնվի Ղարաբաղում պատերազմին, դեռ հարց է՝ Հայաստանը կշահի՞ դրանից, թե՞ Ադրբեջանը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: