Ցնցող խոստովանություն Բաքվից. Ալիևի բարեկամները «քցում» են նրան

Mar 08, 2018 Comments Off on Ցնցող խոստովանություն Բաքվից. Ալիևի բարեկամները «քցում» են նրան

Ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի անկեղծ խոստովանություն էր արել: Նա դժգոհել էր, որ փակ դռների ետևում իր վրա ճնշումներ են գործադրում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղը:

Պարզ էր, որ խոսքը կարող էր վերաբերել թե՛ միջնորդներին, թե՛ միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներին ու դիվանագետներին:

Դա է պատճառը, որ Ալիևը ժամանակ առ ժամանակ «հիստերիկ» նոպաների մեջ է հայտնվում ու բանակցային գործընթացից իր դժգոհությունն արտահայտում է սահմաններում սադրանքներով և բանակցային գործընթացը փակուղի մտցնելով:

Նախօրեին խիստ ուշագրավ մեկ այլ հայտարարություն է հնչել Բաքվից…

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մի հայտարարություն է արել, որը անուղղակիորեն վերաբերում է իսլամական երկրներին ու Լեռնային Ղարաբաղի հարցում այդ երկրների կողմից Ալիևի սպասումներին, որոնք, սակայն այդպես էլ իրականություն չեն դառնում:

Ահա, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դժգոհել է, որ «Իսլամական կազմակերպությունում» իրենց մի շարք գործընկեր պետություններ այլ կազմակերպություններում Ադրբեջանին չեն աջակցում:

Կարելի է վստահ լինել, որ այդ պետությունների կողմից Ադրբեջանին չաջակցելը հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն է վերաբերում: Իսկ սա իր հերթին վկայում է այն մասին, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ձախողված է, նույնիսկ՝ տապալված է «Իսլամական կազմակերպության» երկրների շրջանակներում:

Բացի այդ, այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Պարբերաբար պաշտոնական Բաքուն հայտարարում էր, թե Հայաստանը իսլամական պետությունների շարքում բարեկամներ չունի: Իհարկե, դա սուտ է: Բայց, ստացվում է, որ պաշտոնական Բաքուն հիմա ինքն է արձանագրում, որ անգամ Ադրբեջանը «Իսլամական կազմակերպության» պետությունների շարքում խնդիրներ ունի ու դժգոհում է գործընկեր այլ անդամ պետությունների պահվածքից:

Այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ձախողված է՝ այս մասին բազմիցս է ասվել: Սակայն պաշտոնական Բաքվի կողմից Մամեդյարովի մակարդակով նման արձանագրումը խիստ խոսուն փաստ է այն մասին, որ անգամ իսլամական երկրները գիտակցում են, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ապագան, և այդ ապագան Ադրբեջանի հետ որևէ առնչություն չպետք է ունենա:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: