Սերժ Սարգսյանը որոշել է թաքուն-թաքուն դառնալ վարչապետ

Mar 07, 2018 Comments Off on Սերժ Սարգսյանը որոշել է թաքուն-թաքուն դառնալ վարչապետ

Հայկական ժամանակ օրաթերթը գրում է.

Հանրապետական բարձր մակարդակի մի շարք գործիչներ շարունակաբար հայտնում են «իրենց անձնական տեսակետն» առ այն, որ Սերժ Սարգսյանն իր անցած ուղիով, առկա հմտություններով և կարողություններով ուղղակի անփոխարինելի է երկրի ղեկավարի պաշտոնում: Նրանք միաժամանակ նշում են, որ ՀՀԿ շրջանակներում վարչապետի թեկնածուի հարցը դեռ չեն քննարկել: Թեև նրանց բոլորի թեկնածուն նույնն է՝ Սերժ Սարգսյանը, սակայն տարբեր են մոտեցումները: Մոտեցումներից մեկն այն է, որ ներկա մարտահրավերներին ծանոթ է և կարող է դիմագրավել միայն Սերժ Սարգսյանը: Մասնավորապես Մանվել Գրիգորյանը մարտի 5-ին Ծիծեռնակաբերդում իր լիարժեք աջակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածությանը, նշելով որ Սարգսյանն իր համար անփոխարինելի է:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեռևս փետրվարի 11-ին ասել էր, որ Սերժ Սարգսյանին տրվող քաղաքական գնահատականները՝ հատկապես անվտանգային և արտաքին քաղաքական ուղղություններին, «հիմնված են բացառապես ոլորտային հաջողությունների վրա»: Նա նաև նշել էր «տեսանելի այլընտրանքի բացակայության» մասին: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիությանը, ապա արդեն մարտի 3-ին ՀՀԿ փոխնախագահը հայտարարեց, որ այդ «թեզը բացարձակ կապ չունի պաշտամունքային ընկալումների հետ»:  Ուշագրավ է, որ Աշոտյանը, անդրադառնալով հասարակական հնարավոր բողոքին, չի բացառում, որ «տասնյակ հազարավոր մարդիկ… քաղաքական լուծումներին այդ ժամանակահատվածում համաձայն չեն լինի եւ կարող են օրենքով իրենց բողոքն արտահայտել»:

Այս հարցում փոքր- ինչ տարբերվում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքը: Ընդդիմության օրակարգը՝ թույլ չտալ Սերժ Սարգսյանի վարչապետացումը,  նա համարում է կեղծ: Իսկ Սերժ Սարգսյանի վարչապետացման հարցով կիսում է նշված կուսակիցների կարծիքը: 2014 թ. էլ Սերժ Սարգսյանի արած հայտարարոթյունը, թե ինքը Սահմանադրական բարեփոխումներից հետո կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու պարագայում չի հավակնի նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնին, ՀՀԿ խոսնակը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Վարչապետ ու նաև նախագահ չլինելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է այլ ժամանակաշրջանում և այլ իրողությունների պայմաններում»։ Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ նույն Շարմազանովը, բացատրելով, թե ինչպես կարող է քաղաքական, պետական գործիչը ասել մի բան, հետո հրաժարվել իր խոսքերից, բերեց  Չերչիլի ու դը Գոլի օրինակները, ըստ էության զուգահեռներ անցկացնելով Սերժ Սարգսյանի եւ համաշխարհային այս երկու պատմական լիդերների միջեւ: Սա մի քիչ տարօրինակ է, որովհետեւ Շարմազանովը, օրինակ, լավ գիտակցում է, որ ինքը դեռ շատ հացուպանիր պետք է ուտի, որ Սերժ Սարգսյանի մակարդակի քաղաքական գործիչ դառնա: Այս մասին նա ասել էր «Հայկական ժամանակ»-ի թղթակցին տված հարցազրույցում: Իսկ Սերժ Սարգսյանը փաստորեն Չերչիլին եւ դը Գոլին հասնելու համար հացուպանրի կարիք չունի, նա արդեն նույն մակարդակի վրա է,  ինչի համար մնում է նրան  եւ Շարմազանովին միայն շնորհավորել:

Ու քանի որ ՀՀԿ-ի շարքերում Սերժ Սարգսյանը միակն է, որ նման կալիբրի գործիչների հետ ոտք է մեկնում, ապա ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, ըստ ՀՀԿ խոսնակի անձնական կարծիքի, նա էլ պետք է լինի: Եվ այնուամենայնիվ Շարմազանովը  «Ազատության» եթերում ասում էր,  որ դա իր կարծիքն է, իսկ ՀՀԿ-ում հարցը կքննարկեն ապրիլի 9-ից հետո եւ մեկ շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն: Դա փոքր- ինչ հակասության մեջ է մտնում ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքի հետ, ըստ որի՝ մինչև ապրիլի 9-ը Դաշնակցությունը «ներքին կարգով» տեղյակ կլինի, թե ով է կոալիցիայի թեկնածուն: Այս մասին Արմեն Ռուստամյանն ասաց երեկ առավոտյան ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Նա ասաց, որ իրենք ներքին կարգով տեղյակ կլինեն, թե ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն, սակայն պաշտոնապես հարցը կքննարկեն ապրիլի 9-ից հետո: Եթե ՀՀԿ-ում հարցը քննարկելու են միայն ապրիլի 9-ից հետո, ինչպե՞ս է մինչեւ այդ կոալիցիոն գործընկերը ներքին կարգով տեղյակ լինելու:

 

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: