41 միլիոն դրամ` Կարեն Կարապետյանի «դրայվոտ» կենտրոնին

Mar 10, 2018 Comments Off on 41 միլիոն դրամ` Կարեն Կարապետյանի «դրայվոտ» կենտրոնին

«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով կառավարության աշխատակազմին կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 41 միլիոն 776 հազար դրամ։ Հիմնադրամը իր գործունեությունը սկսել է 2017 թ. հունվարի 12-ին և ըստ կառավարության հիմնավորման հանդիսանում է Հայաստանում առանցքային բարեփոխումների մշակման և իրականացման կարևոր գործիք, որը գործում է հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով և կոչված ՀՀ կառավարությանն աջակցել երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների մշակման և իրականացման գործում: Հիմնադրամի կողմից իրականացվում են 38 ծրագրեր` պետական կառավարման համակարգի, հարկային և մաքսային վարչա­րարության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության, ինչպես նաև դատական համակարգի և հանրային-մասնավոր գործընկերության ոլորտներում: Մինչև 2018 թվականի ավարտը նախատեսվում է իրականացնել 19 ծրագրեր, սակայն կանոնադրական խնդիրների իրականացմանն աջակցելու նպատակով անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Ուստի կառավարությունը որոշել է հիմնադրամին հատկացնել 41 միլիոն դրամ՝ հետագայում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։

Հատկանշական է, որ որոշման հիմնավորման մեջ անգամ չի էլ հիշատակվում, թե խոսքն ինչ ծրագրերի մասին է, որոնց իրագործման համար ի սկզբանե կենտրոնին հատկացված գումարները չեն բավարարել և դեռ տարվա առաջին եռամսյակը չբոլորած` անհրաժեշտություն է առաջացել հավելյալ հատկացում կատարել: «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը, հիշեցնենք, ստեղծվել է վարչապետ Կարեն Կարապետյանի ցանկությամբ և համարվում է նրա դրայվոտ նախաձեռնություններից մեկը: Կենտրոնի առաքելությունը տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ ռազմավարական ծրագրերի մշակումն էր: Համենայն դեպս, կենտրոնի բացման ժամանակ նման խնդիր դրել էր հենց ինքը՝ վարչապետը: Առ այսօր ինչ կոնկրետ ծրագրեր է իրականացրել այս նորաստեղծ կենտրոնը, հայտնի չէ: 38 ծրագրերը, որոնց մասին նշվել է որոշման նախագծում, ըստ էության անուն առ անուն հրապարակված չեն, և պարզ չէ` ի վերջո կոնկրետ ինչ ծրագրեր են դրանք: Չէ որ պետական կառավարման համակարգի, հարկային և մաքսային վարչա­րարության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտների զարգացման ռազմավարական ծրագրերը մշակում են համապատասխան պետական ատյանները, օրինակ` կրթության ծրագրերը` ԿԳՆ-ն, գյուղատնտեսությանը` գյուղնախարությունը և այսպես շարունակ:

Որն է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» դերը այս շղթայում. նրանք մշակում են առանձին ծրագրեր, թե աջակցում են պետական մարմիններին, որպեսզի վերջինները իրենց ռազմավարական ծրագրերը լավ մշակեն: Այս հարցը սպառիչ պատասխան չի ստացել, հետևաբար նաև սպառիչ չէ հիմնավորումը, թե ինչու է պահուստային ֆոնդից գումար հատկացվել անհասկանալի գործունեությամբ զբաղվող կենտրոնին: Կենտրոնի բացումը հանրության համար հիշարժան դարձավ Կարեն Կարապետյանի կողմից կենտրոնի տնօրեն Ալեքս Խաչատուրյանին ուղղված «Ալե՛քս, հո՛ւպ տուր» հայտնի արտահայտությամբ, և այսօր կենտրոնի հետ կապված ավելի հիշարժան բան, քան Կարեն Կարապետյանի այդ արտահյտությունն է, դժվար է հիշել:

 

Հայկ  Դավթյան

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: