Պաշտոնական թվերի նոր բլեֆը

Mar 09, 2018 Comments Off on Պաշտոնական թվերի նոր բլեֆը

2017-ի ԱՎԾ վիճակագրական տվյալների վերլուծությունը մտահոգում է։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` նշելով, որ նորից դիմել են կեղծիքների։ Մի շարք մակրոտնտեսական թվեր չեն համընկնում։ Այսպես` անհասկանալի է 7,5% տնտեսական աճի պայմաններում 36 հազ. մարդու արտագաղթը։ 2017-ի դեկտեմբերին գրանցվել է 240 հազ. դրամ միջին աշխատավարձ, նույն թվում մասնավոր հատվածում՝ 278 հազ դրամ։ Ի՞նչու մարդիկ դա չեն նկատում։ Եվ ընդհանրապես, 2007-ի համեմատ` միջին աշխատավարձն աճել է 220%-ով (3.2 անգամ) 48.2% գնաճի պայմաններում, ի՞նչու է 300 հազ. մարդ լքել Հայաստանը։ Մի՞թե այդքան ապերախտ են լինում։ Կամ աշխատավարձի նման աճի պայմաններում այդ ի՞նչու է աշխատավարձի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կտրուկ անկում ապրել։

Եթե դիտարկելու լինենք մի քանի տվյալ, օրինակ` 5 տարվա դինամիկայի մեջ, ապա կունենանք իսկապես անհասկանալի պատկեր: Կոնկրետ նույն ԱՎԾ տվյալներով` 2017 թվականին, 2016-ի համեմատ, բնակչության թիվը նվազել է 13 հազար 200-ով, իսկ 2013 թվականի համեմատությամբ 44 հազար 200-ով: Պաշտոնական վիճակագրության մյուս պարադոքսը գործազրկության գրեթե չնվազող մակարդակն է: Հանրապետությունում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2017թ. III եռամսյակում կազմել է 1 մլն 237 հազար մարդ, որոնց 83.5% կամ 1 մլն 032.8 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 27.1%-ը` գյուղատնտեսության ոլորտում: Ստացվում է, որ 16,5 տոկոսը կամ 205 հազար մարդ եղել է գործազուրկ:

ՀՀ ԱՎԾ կողմից 2016թ. իրականացված աշխա­տու­ժի հետա­զոտության արդյունքների համաձայն (ըստ Եվրոմիության անդամ-երկրնե­րում կիրառ­վող Աշխատանքի միջազգա­յին կազմա­կերպության (ԱՄԿ) մեթոդա­բա­նության)` գործազրկության մակար­­­­­­­­դակը (հետա­զոտվել են 7 776 տնային տնտեսություններ) կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 18.0% կամ 220.2 հազ. մարդ: Այսինքն` 7,5 տոկոս աճի պայմաններում գործազրկությունը նվազել է ընդամենը 1,5 տոկոսով: Միջին անվանական աշխատավարձը 2013-ին եղել է 146 524 դրամ, 2014-ին, 2015, 2016-ին` համապատասխանաբար` 158 580 դրամ, 171 615 դրամ և 174 445 դրամ, և 2017-ին այն կազմել է 195 074 դրամ (չորրորդ եռամսյակի ցուցանիշները կամփոփվեն ս.թ. մարտին):

Հատկանշական է նաև պետական բյուջեի պակասուրդ -ՀՆԱ հարաբերակցությունը, որը նույնպես կայուն աճ է արձանագրել: Այսպես` եթե 2013-ին պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի  1.6 տոկոսը, 2014-ին` 1,9 տոկոսը, ապս 2015-ին այդ ցուցանիշը հասել է 4,8 տոկոսի, իսկ արդեն 2016-ին` 5,5 տոկոսը: 2017-ի վերջնական տվյալները դեռ ամփոփված չեն, սակայն երրորդ եռամսյակի տվյալներով` պակասուրդի ցուցանիշը կազմել է ՀՆԱ-ի 3,4 տոկոսը: Այիսնքն` մակրոտնտեսական ցուցանիշների առումով դեռ չենք հասել 13-14 թվականների մակարդակին: Հենց այս հակասություններն են, որ անհամոզիչ են դարձնում տնտեսական աճն ու կասկածի տակ դնում պաշտոնական վիճակագրական վերլուծությունը:

 

Հայկ  Դավթյան

 

 

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: