Պաշտոնյաներ բռնվեք, Շաբոյանն է նոր զենքով գալիս

Mar 09, 2018 1 Comment

ԱԺ  արտահերթ նիստում քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, նախագիծը ներկայացնելով, ասաց, որ այն բխում է  ՀՀ նոր Սահմանադրությունից, ինչպես նաեւ  համապատասխանեցվել է ԵԱՏՄ եւ ԵՄ նմանատիպ կառույցների  առաջարկած կանոններին: Այսպիսով՝  ՏՄՊՊ հանձնաժողովը կոչվելու է «ինքնավար մարմին»: «Այդ մարմնի անդամները նշանակվելու են ԱԺ կողմից՝ ձայների մեծամասնությամբ, իսկ թեկնածուներին ներկայացնելու է ՀՀ վարչապետը: Ընդ որում, թեկնածուները պետք է ներկայացնեն աշխատանքային փորձի եւ կրթության մասին փաստաթղթեր, մինչդեռ նախկինում այդ պայմանը չկար»,-տեղեկացրեց Արտակ Շաբոյանը: Ավելին, հանձնաժողովի անդամներին ազատելու մեխանիզմներ են ներդրվելու, եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ ոչ հարգելի պատճառով կբացակայեն նիստերից, ապա կհեռացվեն նաեւ հանձնաժողովից: Իսկ հիմա ամենազավեշտալի նորամուծությունը, ԵՏՄ մրցակցության կանոններով՝ պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն այն պաշտոնյաների համար, որոնք պայմանավորվածությունների մեջ կմտնեն տնտեսվարողների հետ. «Դրանք կարող են համարվել հակամրցակցային պայմանավորվածություններ: Հակամրցակցային վարքագծի համար նրանք կտուգանվեն 500 000 դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով: Իսկ եթե տնտեսվարողը պայմանավորվի պայմանագիր չկնքել մատակարարի հետ, սա եւս արգելված միջոց կդիտվի»: Շաբոյանը հավելեց, որ եթե տնտեսվարողը մասնակից լինի հակամրցակցային համագործակցության, եւ այդ մասին կհայտնի, ապացույցներ կներկայացնի, կազատվի պատասխանատվության միջոցից. «Եթե տնտեսվարողը կհայտնի այդ մասին, բայց ամբողջական տեղեկություններ չի ունենա կամ անուններ չի նշի, նրա հանդեպ տուգանքի չափի նվազում կլինի»

«Ո՞նց ենք արձանագրելու այդ պաշտոնյաներին»,- հետաքրքրվեց Միքայել Մելքումյանը՝ թերեւս հեգնելով Արտակ Շաբոյանին,մոտավորապես այս հիմնավորմամբ, թե սա Հայաստանն է, եւ այդ ո՞վ է լինելու սեփական գլխից ձեռ քաշածը, որ գալու է հանձնաժողով ու սիրտը դատարկի, կամ ինչպես կասեր ազգընտիրներից մեկը՝ «գործ տա» պաշտոնյայի դեմ:
«Հայտնաբերելու ենք այն գործիքակազմով, որն ունենք, այո՛, անուղղակի գործիքներով ենք անելու»,- հուսահատ արձագանքեց Շաբոյանը՝ ցույց տալով, որ այո՛, կառույցի հույսը գործ տվող, առյուծասիրտ մարդիկ են, որովհետեւ Շաբոյանը , ով ի պաշտոնե դարձել է գերիշխող դիրք ունեցողների պաշտպանը, չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ ու բացահայտումներ անել: Մելքումյանը բարկացավ ու հետաքրքրվեց՝ երբ են ակնկալում ամբողջական գործիքակազմ, որով կարող են իրենք ինքները ամեն ինչ անել եւ այլեւս որեւէ առակություններ չներկայացնեն:
«Բերե՛ք, ինչ է անհրաժետ ձեզ որպես գործիքակազմ, բերե՛ք մենք էլ ընդունենք, պետք չի ձգձգել: Եթե կան խանգարող գործոններ, ասե՛ք իմանանք»,- փորձեց սադրել Շաբոյանին, սակայն չստացվեց:«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նկատեց.«Մի օրինակ բերեմ, «Apple» ֆիրմայի արտադրանք «Iphone»-ի արժեքը, վերջերս պարզվեց, որ  շուրջ 200 դոլարին համարժեք կամ պակաս է, բայց այն վաճառվում է 800-1000 դոլարի սահմաններում: Ի՞նչն է խանգարում, որ իրենց տեղը չեք դնում, որ հիմնավորված գինը բարձրացնեն: Ինչպե՞ս է որոշվում՝ հիմնավո՞ր է, թե՞ ոչ, և դուք ի՞նչ եք անում, որ այդ ամեն ինչը հիմնավորվի»: Շաբոյանն ասաց, որ իրենց կողմից սահմանված հասկացությունները վերաբերում են խոշոր ընկերություններին, մնացած տնտեսվարողներն ազատ են իրենց գնագոյացման մեջ. «Բնականաբար, մենք նման պահանջներ չենք ներկայացնում մեր տնտեսվարողներին: Օրենսդրության մեջ մենք ունենք գների չհիմնավոր բարձրացում կամ իջեցում ու մանրամասն նկարագրել ենք՝ ինչ նկատի ունենք»:Իսկ վերջում Մանե Թանդիլյանն իրավացիորեն նկատեց, որ, իհարկե, հաճելի կլիներ,եթե տնտեսական մրցակցությունը օրենքով կանոնակարգվեր, սակայն ավաղ դա քաղաքական որոշում է,որն այսօր գտնվում է ծանր վիճակում:Եւ իսկապես, Հայաստանում Շաբոյանին կարելի է հռչակել ամենաշատ սուտ խոսող պաշտոնյան, ընդ որում նա այդ ամենն անում է այնպիսի էնտուզիազմով, որ ամենախայտառակ կեղծիքն անգամ ընկալվում է իբրեւ պարզ ճշմարտություն:  Իսկ այդ ամենի նպատակը մեկն է` պաշտպանել ոչ թե տնտեսական մրցակցությունը, այլ նրանց շահերը, ովքեր դուրս են մրցակցությունից: Այնպես որ ինչպես սեւին սապոնը չի օգնի, այնպես էլ Շաբոյանին նոր օրենքը չի փրկի:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Պաշտոնյաներ բռնվեք, Շաբոյանն է նոր զենքով գալիս” հրապարակմանը

  1. Hakob M. says:

    Մեր տեղեկացված ժողովրդի մեծամասնության կողմից միայն հայհոյանքի ու ՆՈՂԿԱՆՔի արժանացած, մեկը մյուսին իրենց արտահայտած խեսքերով ու կատարած գործունեությամբ միայն զզզվանք բերող էս հանրահայտ դեմագոգ շառլատան ՏԱԿԱՆՔՆԵՐԻՆ …. Նզովվեք Ձեզ հավիտյան, դուք Հայ ժողովրդին միայն չարիքներ բերող, խեռժիկ թրքալրտես պետական դավաճանի կամակատարներն եք եվ ձեր ազգ ու տակի հետ միասին միայն ստախոսություններով եք զբաղվում… ….