Արտակարգ դեպք Շիրակի մարզում

Mar 06, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Շիրակի մարզում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 6-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, դիմակավորված անձը կոտրել է Գյումրի քաղաքի գետնանցումում գործող խանութներից մեկի մուտքի դռան ապակին և փորձել հափշտակել բջջային հեռախոսներ ու աքսեսուարներ, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ պատճառներով։

Միացել է խանութի անվտանգության ահազանգման համակարգը և անմիջապես դեպքի վայր են ժամանել ՍՊԸ-ի անվտանգության աշխատակիցները, նրանց պահանջով ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դուրս է եկել խանութից՝ իր հետ դուրս բերելով գողոնը, ապա անվտանգության աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելով փորձել է դիմել փախուստի՝ իր հետ տանելով խանութից վերցված իրերը, ինչը կանխվել է: Դեպքի առթիվ մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, կասկածյալը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: