Ապագա վարչապետի դավաճանության հարցն անքննելի է

Mar 08, 2018 Comments Off on Ապագա վարչապետի դավաճանության հարցն անքննելի է

Ազգային ժողովում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այսպիսով՝ երկրորդ ընթերցման ներկայացրած փաթեթի համաձայն կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և 17 նախարարներից։

Ներկայումս նախարարությունների թիվը 18-ն է, ապրիլից չի գործի Վաչե Գաբրիելյանի ղեկավարած ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։ Թե ինչու է այս նախարարությունն ընտրվել, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հստակ պատասխան չուներ, սակայն վստահեցնում է, որ այդ նախարարության գործառույթները կբաշխվեն այլ գերատեսչությունների վրա։ Նախագծով սահմանվում է նաեւ, թե որ դեպքում ապագա մեխանիկորեն հրաժարական կտա, երբ կորցնում է քաղաքացիությունը, ձեռք է բերում այլ երկրի քաղաքացիություն, կամ էլ՝ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջներն է խախտել: Եթե վարչապետը ընտրվելուց հետո 5-օրյա ժամկետում կառավարության կազմավորման համար անհրաժեշտ թվով թեկնածուներ չներկայացնի, այդ դեպքում նույնպես կարող է զրկվել իր լիազորություններից: Պարզվեց նաեւ, որ իշխանությունը մնացել է նույն կարծիքի, վարչապետի գործունեության տակ կանցնեն ուժային բոլոր կառույցները՝ Ոստիկանություն, ԱԱԾ, ՊՊԾ․«Իսկ ով պետք է քննի վարչապետի դավաճանության հարցը» հետաքրքրվեց Ելք-ի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ ով է այս կառույցների նկատմամբ վերահսկողություն սահմանելու։ Սակայն կառավարության պատասխանատուն հակադարձեց․«Հենց դրանով է պայմանավորված, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը չպետք է լինիեն նախարարություններ, նրանք չեն մասնակցում քաղաքականության մշակմանը, նրանք ինքնուրույն, սեփական պատասխանատվությամբ ընդունում են որոշում՝ իրագործելով քաղաքականություն, տվյալ դեպքում՝ Քրեական օրենսգիրքը,որպեսզի պատշաճ իրականացվի վերահսկողությունը մենք ունենք նաեւ գլխավոր դատախազություն»։ Պատգամավորը, սակայն, հարցապնդում արեց․«Եթե այդ կառույցները հաշվետու են վարչապետին, որքանով է հնարավոր, որ նրանք անաչառ ու անկաշկանդ կգործեն, չկամ արդյոք շահերի բախում»։ Գորգիսյանը նկատեց նաեւ, որ այս կառույցների վրա խորհրդարանական վերահսկողություն չի նախատեսված։ Դավիթ Հարությունյանը խուսափեց ուղիղ պատասխանից՝ հիշատակելով ուրիշ երկրների փորձը, որ դատախազությունը որոշ երկրներում գտնվում է արդարադատության նախարարության ներքո, սակայն դա չի նշանակում, թե գլխավոր դատախազը կաշկանդված է։ Մի բան ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է իշխանությունը վարչապետի ձեռքում կենտրոնացնելու համար, իսկ մնացյալը սոսկ արդարացումներ են։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: