ՀԱՊԿ–ն չի օգնի Ղարաբաղին պատերազմի պարագայում. Անատոլի Սիդորով

Mar 06, 2018 Comments Off on ՀԱՊԿ–ն չի օգնի Ղարաբաղին պատերազմի պարագայում. Անատոլի Սիդորով

ՀԱՊԿ արագ արձագանքման 20 հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

Սակայն ՀԱՊԿ–ն չի օգնի Ղարաբաղին պատերազմի պարագայում, ասել է նա «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները» թեմայով Մոսկվա–Երևան–Աստանա–Բիշքեք–Մինսկ տեսակամուրջի ժամանակ: «Լեռնային Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ, և կազմակերպությունը Ստեփանակերտին ռազմական օգնություն չի ցուցաբերի։ ՀԱՊԿ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի հետ, և, համապատասխանաբար, ՀԱՊԿ–ն Երևանի առաջ ունի որոշակի պարտավորություններ։ «Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ սպառնալիքի պարագայում ՀԱՊԿ–ն նրանց վտանգի մեջ չի թողի»,- ասել է նա:

Ինչպես տեղեկացրել է՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և այլ նորմատիվային-իրավական փաստաթղթերի, կազմակերպության զորքերը նախատեսված են անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանության համար: Դա տեղի է ունենում տվյալ պետության դիմումի հիման վրա, և որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհուրդը:

Գեներալ-գնդապետը նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բավականին լարված են, բայց ոչ այնքան, որ երկու երկրները «միմյանցից մայրաքաղաքներ խլեն»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: