«Թեղուտ» ՓԲԸ-ն կոպտորեն խախտել է օրենքը (տեսանյութեր, տեսաշար)․ ՀԲՃ

Mar 06, 2018 Comments Off on «Թեղուտ» ՓԲԸ-ն կոպտորեն խախտել է օրենքը (տեսանյութեր, տեսաշար)․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է Թեղուտի հանքի շահագործման ընթացքում օրենքի խախտումների վերաբերյալ հերթական հոդվածը, որը ներկայացնում ենք առանց փոփոխությունների ու կրճատումների:

«Բանական մարդու համար Թեղուտի հանքի շահագործումը անթույլատրելի էր ու հանցագործություն բնության նկատմամբ։ Դարավոր կուսական անտառի ոչնչացման փաստը միայն բավարար էր այսպիսի եզրահանգման գալու համար։ Սակայն 2014 թվականի դեկտեմբերին բուն շահագործումը սկսվելուց հետո պարզվեց, որ էկոլոգիական աղետի ծավալներն ավելի սարսափելի են։

Չնայած «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից տարիներ շարունակ հնչած հավաստիացումների, որ հանքին հարակից գետային ավազանների ջրերի աղտոտում չի լինելու՝ դա տեղի ունեցավ։ Գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ Շնող գետի ջրերի որակն անշեղորեն վատանում է հանքարդյունաբերական գործունեության ընդլայնման հետ զուգահեռ՝ 2009-2015թթ․ ընթացքում: Դա հաստատվում են նաեւ «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՀ գետերի ջրի քիմիական որակի վերաբերյալ հաշվետվությունները, որոնց համաձայն Շնողի գետաբերանում ջրի որակը 5-րդ դասի է, այսինքն՝ ամենավատ որակի։

Շնող գետը, ըստ էության, վերածվել էր թափոնատարի, որով պարբերաբար հոսում էին «Թեղուտ» ՓԲԸ-ի արտադրական հոսքաջրերը։ Ներկայացվում էին դա ապացուցող բազմաթիվ տեսանյութեր, սակայն այդ ահազանգերին պատշաճ ուշադրություն չէր դարձվում, իսկ ՀՀ կառավարությունն էլ հրաժարվում էր ստուգումներ իրականացնել այս ընկերությունում։

Եթե Շնող գետ հոսքաջրեր բաց թողնելու համար «Թեղուտ» ՓԲԸ-ն գոնե ուներ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատված թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներ (չնայած ակնհայտ էր, որ այդ նորմաների պահպանումը չէր վերահսկվում), ապա լրիվ այլ է վիճակը Դեբեդ գետի դեպքում։ Ընկերությունը թույլտվություն չունի հոսքաջրեր բաց թողնել Դեբեդ, սակայն մեր արած լուսանկարում երեւում է այն խողովակը, որով հոսքաջրերը լցվել են անմիջապես գետի մեջ, հիմնականում օրվա երեկոյան եւ գիշերային ժամերին։

Այդ մասին մեզ պատմեցին տեղի բնակիչները, որոնք տրամադրեցին նաեւ այս խողովակով Դեբեդ գետ լցվող հոսքաջրերի տեսանյութեր, որոնք ապացուցում են, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն կոպտորեն խախտել է օրենքը՝

Ներկայացված փաստերը լիովին բավական են, որպեսզի այս ընկերության հակաօրինական գործունեությամբ լրջորեն սկսեն զբաղվել ՀՀ լիազոր եւ իրավապահ մարմինները, բացահայտեն թույլ տրված խախտումներն ու համապատասխան պատժամիջոցներ կիրառեն «Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ։

Իսկ ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրի շահագործման հարցին, ապա այն պետք է միանշանակ դադարեցնել եւ շահագործող ընկերությանը պարտադրել վերականգնել բնությանն ու մարդկանց հասցված վնասը»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: