Ինչ է նախապատրաստում Ալիևը Սարգսյանների համար ապրիլյան ընտրություններից հետո

Mar 07, 2018 Comments Off on Ինչ է նախապատրաստում Ալիևը Սարգսյանների համար ապրիլյան ընտրություններից հետո

Ընտրություններից հետո ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցությունները կակտիվանան, երեկ հերթական անգամ հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ Մարոկոյի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսում:

«Կողմերը որոշել են Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո քննարկումներն ավելի եռանդուն կերպով շարունակել: Երբ երկու պետություններում նոր կառավարություններ ձևավորվեն, մենք ինտենսիվ կերպով կշարունակենք բանակցությունները», ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:

Բաքուն, այսպիսով, մեկ ամիս էլ է ձգում Ադրբեջանի պարտավորությունները կատարելու հարցը՝ տպավորություն ստեղծելով, թե պատրաստ է լուրջ բանակցությունների՝ բայց միայն Ադրբեջանում առաջիկայում կայանալիք ընտրություններից հետո:

Իսկ ի՞նչ է անելու կամ ասելու «նորընտիր» Ալիևը՝ կրկին ստանձնելով նախագահի պաշտոնը և գնալով ղարաբաղյան հերթական բանակցությունների նոր փուլին…

Պարզ է, որ նա շարունակելու է ռազմատենչ հռետորաբանությունը երկրի ներսում, իսկ բանակցություններում ստանձնելու է պարտավորություններ, բայց հետո դրանք չի իրականացնելու:

Հետևաբար ո՞րն է իմաստը՝ ընտրություններից հետո ինտենսիվ բանակցությունների մասին քարոզչություն իրականացնելու Բաքվի պահվածքում:

Տրամաբանությունը թերևս, հետևյալը կարող է լինել. Բաքուն փորձում է միջնորդ երկրներին հայկական կողմի ուղղությամբ ճնշումների դրդել՝ ադրբեջանանպաստ լուծման ու պահանջներին համահունչ:

Մյուս կողմից, Ալիևը փորձում է մոռացության մատնել իր վերջին ռազմատենչ հայտարարությունները՝ կապված Երևանն ու Զանգեզուրը գրավելու հետ: Բայց միջնորդները թե իրենց համատեղ հայտարարությամբ, թե առանձին, հասկացնել տվեցին, որ նման հայտարարություններն անթույլատրելի են:

Երեկ էլ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է անդրադարձել Ալիևի վերոնշյալ հայտարարությանը: Ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացը, դատապարտելի է, նշել է Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանի նկատմամբ նկրտումների մասին վերջերս արած հայտարարությանը: Նա հավելել է, որ ծանոթ է այդ հայտարարությանը, և հատկանշական համարեց այն, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց տվել է անմիջապես տարածած իր պաշտոնական հայտարարությամբ: «Կարևոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որը դատապարտում է բանակցային գործընթացը խոչընդոտող նմանատիպ ցանկացած հայտարարություն: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր հստակ կարծիքը հայտնել է»,- ասել է դեսպանը:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: